Yell Extreme Park-ը պատրաստում է ղարաբաղյան շուկա դուրս գալու ծրագիր։ Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում ասել է նախագծի հեղինակ ու պարկի համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանը։
Հունիսի 17-ին Ստեփանակերտում առաջին անգամ անցել է «Արցախ Էյր փեսթ» փառատոնը, որը կազմակերպել է Արցախի էկոնոմիկայի նախարարությունն ու Yell Extreme Park-ը, որի ընթացքում միաժամանակ օդ են բարձրացել երկտեղանի օդանավը, շարժիչային պարապլանն ու օդապարիկը։ Փառատոնի հյուրերը կարող էին նաեւ զբոսնել դրանցով, թռիչքից ստանալով բազում հուզիչ տպավորություններ։
Տիգրան Չիբուխչյանի գնահատականով, միջոցառումը հաջողվել է, ու ծրագրվածից կրկնակի շատ հյուրեր են եկել։ «Շատ օտարերկրացիներ «հեռավոր արտերկրներից էին»։ Մենք միջոցառումը կազմակերպել էինք, որպեսզի ցույց տայինք զբոսաշրջության հնարավորությունները, ցույց տայինք, որ կյանքը կա, այն շարունակվում է»,- նշել է Չիբուխչյանը։ Անդրադառնալով փառատոնի անցկացման օրն ու դրա նախօրեին սահմանին տեղի ունեցած միջադեպերին, որոնց հետեւանքով չորս հայ զինծառայող է զոհվել, Տիգրան Չիբուխչյանը շեշտեց․ «Մենք խորապես վշտացած ենք։ Ե վ այս միջոցառումով նաեւ ուզւոմ ենք ցույց տալ, որ ապագա կա։ Շնորհակալություն այն զինվորներին, որոնք կանգնած են սահմանին ու թույլ են տալիս մեզ ապրել ու ուրախանալ կյանքով»։
Հիմա Yell Extreme Park-ը պատրաստում է ղարաբաղյան շուկա դուրս գալու ծրագիր։ «Խարսխային» նախագիծ է ընտրվել օդանավակայանը։ Տիգրան Չիբուխչյանի խոսքով, նախագծի բովանդակությունը առեւտրային գաղտնիք չէ , բայց դեռ մի քանի տեխնիկական հարցեր է պետք համաձայնեցնել։ «Ես հույս ունեմ, որ հունիսի վերջին արդեն հնարավոր կլինի ներկայացնել Արցախի զարգացման ծրագիրը ու Yell Extreme Park-ի զարգացման վերջնական ծրագիրը՝ Ենոքավանում ու ընդհանուր Հայաստանի տարածքում»։
Աշխարհի ամենաերկար զիփլայնի ստեղծումը, ինչպես արդեն հայտնել ենք, ընթացքի մեջ է․ «Մինչեւ հուլիսի կեսերը հայտնի կդառնա բացման օրը։ Մինչեւ ամսվա վերջ կմեկնարկի շինարարությունը։ Սակայն պետք է հաշվի առնել եղանակային եւ տեխնիկական գործոնները։ Դրանք ազդում են վերջնական ժամկետների վրա։ Հենց մենք ճոպանը ձգենք, ԱԻՆ-ի հետ համաձայնեցման փուլում արդեն կկարողանանք հայտնել բացման վերջնական օրը ։ Փորձում ենք համատեղել բացման օրը պարկի ծննդյան օրվա հետ»,- նշել է նախագծի հեղինակը։ Yell Extreme Park-ը հուլիսի վերջ- օգոսոտոսի սկիզբ կդառնա երկու տարեկան, պարկի բացման պաշտոնական օրը 2015-ի հուլիսի 26-ին է եղել։ Հիշեցնենք, որ որպես զիփլայնի արդեն գործող գծերի լրացում, ծրագրում են կառուցել 2680 մ երկարության զիփլայն։ Թռիչքը տեւելու է 3-4 րոպե՝ 200-300 մ բարձրության վրա, 120 կմ/ժ արագությամբ։
«Առայժմ մենք հուլիսի 1-2-ին ծրագրում ենք «Հայբույս» միջոցառումը՝ հայկական խոտաբույսերի փառատոնը։ Այն նվազ էքստրեմալ է, հաշվարկված է ընտանիքի համար, կարելի է ասել կրթական փառատոն է։ Նախագծի կազմակերպչական հարցերով իմ մայրն է զբաղվում»,- պատմել է Տիգրան Չիբուխչյանը։
Խոսելով պարկի պոպուլյարության բարձրացման տեմպերի մասին, նախագծի հեղինակը նշել է, որ այդ ուղղությամբ ակտիվ աշխատանք է իրականացվում։ «Ներդրում ենք անում զբոսաշրջային Հայաստանի ճանաչելիության մեջ։ Ոչ միայն որպես բաց երկնքի տակ թանգարան, այլեւ որպես վայր, որտեղ հնարավոր է լավ հանգստանալ։ Սերտորեն համագործակցում ենք Զբոսաշրջության հարցերով կոմիտեի, Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ, պատրաստում ենք նոր հարթակներ՝ նոր նախագծերի իրականացման համար»։











