ԱՄՆ-ում հունիսի 22-ից անհետ կորած համարվող 5-ամյա Արամազդ Անդրեսյանի հայրը փորձել է ինքնասպանություն գործել։ Նա նաեւ ցանկացել է հեռանալ ԱՄՆ-ից։ Այս մասին հաղորդում է CBS Los Angeles-ը։
Արամազդ Անդրեսյան ավագը փորձել է ԱՄՆ-ից այնպիսի երկիր տեղափոխվել, որտեղից իրեն չեն կարող արտահանձնել։ Մինչ կալանավորվելն Անդրեսյանը 47 օր Լաս Վեգասում է անցկացրել։ Այնտեղ նա մշտապես փոխել է արտաքինն ու իրեն չի պահել այնպես, ինչպես հայրը, որի երեխան անհետացել է։
Հունիսի 26-ին Անդրեսյանին սպանության մեղադրանք է առաջադրվել, չնայած տղայի մարմինը դեռ չեն գտել։ Սակայն իշխանությունները հայտարարել են, որ մի քանի կարեւոր ապացույց են հայտնաբերել։ Մեղադրական դատավճռի պարագայում Անդրեսյանին 25 տարվա ազատազրկում է սպառնում։
Իշխանությունները նաեւ հավելել են, որ կշարունակեն Սանտա Բարբարայում երեխայի որոնումները։
Հիշեցնենք, որ Անա Էստվեզը կրտսեր որդու՝ Արամազդի անհետացման մասին հայտնել է ապրիլի 22-ին, երբ երեխայի հայրը չի գնացել Սան Մարինոյում հանդիպման վայր՝ երեխային մորը փոխանցելու: Նույն օրը երեխայի հայրը՝ Արամազդ Անդրեսյան ավագը, որը Հարավային Փասադենայի բնակիչ է, հայտնաբերվել է իր մեքենայից ոչ հեռու՝ անգիտակից վիճակում։
Ոստիկանները երկու օր որոնել են անհետացած երեխային Արոյո արգելոցի տարածքում, սակայն ապարդյուն։ 35-ամյա տղամարդուն ձերբակալել են երեխային առեւանգելու կասկածանքով, սակայն հետո ազատ են արձակել՝ ապացույցների բացակայության պատճառով։











