Բանակի տրանսպորտային միջոցների մասնակցությամբ ճանապարհային բոլոր պատահարները մանրակրկիտ հետաքննվում են: Հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պայմանագրային զինծառայողների փոխադրող ավտոբուսի մասնակցությամբ վերջին վթարի մասին հարցին:

Նրա խոսքով՝ ավտոբուսում 18 ուղեւոր է եղել: Մեքենան սարքին է եղել: Նա նաեւ հավելեց, որ այս տարի մեծ աշխատանք է տարվել բանակի տրանսպորտի արդիականացման ուղղությամբ: «Կարծում եմ՝ վերջին տասնամյակում այդքան տրանսպորտային միջոց ձեռք չի բերվել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ առաջին հերթին նոր տրանսպորտային միջոցներ են ուղարկվում սահմանամերձ զորամասեր:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հոսպիտալում այցելել է տուժած զինծառայողներին, նրանց վիճակը բավարար է: Այդ համատեքստում նախարարն ընդգծեց հայ ռազմական բժիշկների բարձր պրոֆեսիոնալիզմը: