Մեծամասամբ սիրիահայերը տրվող օգնությունից գոհ են, եթե մեկը դժգոհ է, չի նշանակում, որ լավ որակի օգնություն չի տրվում։ Այս մասին, այսօր՝ հունիսի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը՝ անդրադառնալով քեսաբահայ Վահե Մահշիկյանի հայտարարությանը, թե սիրիահայերին, քեսաբահայերին տրվող սնունդն ուտելու բան չէ, իսկը «շան լափ», հագուստն էլ` բացառիկ անճաշակ, աննորմալ չափսերի: Այս մասին վերջինս նշել էր «Իրատես» թերթի հետ զրույցում:

«Մենք չէ, որ սիրիահայերին ուղարկվող օգնությունը, բեռները գնում հավաքագրում փաթեթավորում ուղարկում ենք, բայց ես հաստատ տեղյակ եմ, որ դա սնունդ է, ծխախոտ, Հայաստանում կարված հագուստներ են, մենք բրենդային հագուստներ չենք գնում բնականաբար։ Ես տեղյակ եմ, որ մեր հայրենակիցները հնդկաձավարը, այպես կոչված «գրեչկան» չեն ուտում եւս, սա երբեմն խնդիրներ է առաջացնում»,- խնդրին անդրադառնալով՝ նշեց Հրանուշ Հակոբյանը՝ հավելելով, որ տվյալ դեպքում չգիտի քեսաբահայերին տրվող փաթեթի մեջ ինչ է եղել, կհետաքրքրվի եւ կտեղեկանա։

Սփյուռքի նախարարի խոսքով, իրենք աշխատում են «Շտապ օգնություն» կոչվող կազմակերպության հետ Սիրիայում եւ նրանց ներկայացմամբ շատ գոհ են բաժանված օգնությունից. «Օրինակ՝ մենք ուղղարկեցինք x տոննա ցորեն, որից հաց թխեցին, լավաշ եւ բաժանեցին եւ այդ շաբաթը կոչվեց հայկական լավաշի շաբաթ»: