Ոստիկանությունը բացահայտել է 2014թ. դեկտեմբերին Հրազդանում տեղի ունեցած ավազակային հարձակումը:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Հրազդանում դիմակավորված անձինք հարձակվել էին աշխատանքից տուն վերադարձող կնոջ վրա եւ պատճառել 273 հազար դրամի գույքային վնաս: Հարձակվողների դեմքերը տուժողը չէր տեսել, քանի որ դեպքը եղել էր ուշ ժամին եւ մութ էր:

«Մի հոգի բոյով, նեժնի մոտեցավ հետեւիցս, աչքերիցս բռնեց ու բերանս փակեց, մի հոգի էլ ոտքերս բարձրացրեց, գցին մեքենան, ձեռներս կապեցին, գլխիս բան քաշեցին ու տարան Չայնիի աղջկա արձանի մոտ իջացրին: Փող էին ուզում, տանս բանալիները...»,- ոստիկաններին ասել էր տուժածը:

Ոստիկանները դեպքից 2 տարի 4 ամիս անց միայն՝ 2017թ. ապրիլի 20-ին, պարզեցին, որ հիշյալ ավազակային հարձակումը կատարել է երեւանցի 47-ամյա Սիմոն Հարությունյանը: Նա հայտնաբերվեց եւ կալանավորվեց: Հունիսի 29-ին էլ ոստիկանները հայտնաբերել են երեւանցի Իշխան Գրիգորյանին, որը նույնպես մեղադրվում է տվյալ ավազակային հարձակման մեջ:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: