Օգոստոսին Երեւանում օդի միջին ջերմաստիճանը միջինից մեկ աստիճանով բարձր է լինելու: Ըստ օդերեւութաբանական կենտրոնի պաշտոնական կանխատեսումների՝ ամսվա առաջին կեսն ավելի շոգ կլինի, որոշ օրերին օդի ջեմաստիճանը կհասնի մինչեւ 40 աստիճանի, իսկ ամսվա երկրորդ կեսին ջերմաստիճանը համեմատաբար կնվազի

Նոր մանրամասներ են հայտնի դարձել Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով: Ձերբակալվածներ երկուսն են՝ Մանուկ Սիմոնյանի որդին եւ կինը: Նախնական քննությամբ՝ տվյալներ են ձեռք բերվել, որ կինը պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից: Հուլիսի 22-ի առավոտյան, կնոջ եւ ամուսնու միջեւ կրկին վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո ամուսինը քնել է, եւ կինը փայտ կոտրելու կացնով հարվածել է քնած ամուսնուն, որը ստացած վնասվածքներից մահացել է: Այնուհետեւ կինը զանգահարել է որդուն եւ տուն կանչել, ապա միասին ամուսնու դիակը տեղափոխել եւ թաքցրել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղին մոտակա ձորերում, որտեղ էլ 4 օր անց մահացածի մարմինը հայտնաբերել էին իրավապահները: Մանուկ Սիմոնյանի 46-ամյա կինը եւ 22-ամյա որդին ձերբակալված են:

Նորքի զինված խմբի գործով դատաքննությունը սկսվել է. այսօր մի քանի ժամ շարունակ մեղադրողը ընթերցել է մեղադրական եզրակացությունը: Ըստ այդ նյութերի՝ զինված խմբի պարագլուխ համարվող Արթուր Վարդանյանը 2014թ-ից սկսած ուղեւորություններ է կատարել Իսպանիա, Սիրիա, Լիբանան, Հայաստան, նա գործով ամբաստանյալ  Հայր Անտոնից մաս-մաս գումար է վերցրել Հայաստանում զինված հեղաշրջում իրականացնելու համար,  ընդհանուր գումարը կազմել է 60 հազար դոլար: Պարզվել է նաեւ, որ խմբի անդամները Արթուր Վարդանյանի հանձնարարությամբ լուսանկարել եւ տեսագրել են Հովիկ Աբրահամյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի, Մրգաշեն գյուղում գտնվող Սեյրան Օհանյանի հայրական տները, դրանց մատույցները, Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաեւ ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության հրապարակը, Ֆրանսիայի հրապարակը, Հաղթանակ եւ Կիեւյան կամուրջները:

Երեւանում դժբախտ պատահար է տեղի ունեցել. շենքի 2-րդ հարկի պատշգամբից 2-ամյա երեխա է ընկել եւ բազմաթիվ կոտրվածքներ ստացել: Փոքրիկը ցած է ընկել տատիկի գրկից, նա այժմ հիվանդանոցում է, վիճակը ծանր է

Հուրգադայում հարձակումից երկու շաբաթ անց հիվանդանոցում մահացել է Չեխիայի՝ ծանր վիրավորում ստացած քաղաքացին: Այսպիսով Հուրգադայի հարձակման զոհերի թիվը հասել է 3-ի: Հիշեցնենք, որ լողափին հանգստացողների վրա դանակով զինված հարձակման հետեւանքով նաեւ երկու հայուհի էր վիրավորվել, նրանցից մեկի վիճակը լավ է, մյուսը դեռ Վերակենդանացման բաժանմունքում է

Նոյեմբերի 1-ից Երեւանում կարգելեն կեղտոտ ավտոմեքենաներով հաց եւ միս տեղափոխել: Գյուղնախարարության որոշման ահամաձայն, հացամթերքն ու թարմ միսը կթույլատրվի տեղափոխել միայն անհրաժեշտ հարամարավետություն ունեցող ավտոմեքենաներով: Հետագայում այս պահանջը կտարածվի նաեւ մարզերի վրա

Դոլարի եւ եվրոյի փոխարժեքները նվազել են։ ԱՄՆ դոլարի փոխարժեքը հուլիսի 28-ին կազմել է 478, եվրոյինը՝ 560, բրիտանական ֆունտինը՝ 626, ռուսական ռուբլունը՝ 8.05 դրամ։ 

Հայաստանի տարածքում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 30-31-ը կնվազի 1-2 աստիճանով։ Երեւանում հուլիսի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +24+26, ցերեկը՝ +39+40 աստիճան տաքություն