Մարաթհի էթնիկ խմբի մի քանի հարյուր հազար ներկայացուցիչներ չորեքշաբթի Հնդկաստանի ֆինանսական մայրաքաղաք Մումբայիի փողոցներում «լուռ երթ» են անցկացնում՝ մի շարք պահանջների թվում պահանջելով նաեւ քվոտաներ աշխատանքի ընդունվելիս եւ կրթական համակարգում։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NDTV-ն։

Երթին, որ մարաթհիների լեզվով կոչվում է «մուկ մորչա» (լուռ երթ), մինչեւ մեկ միլիոն մարդ է մասնակցում։ Երթը նախատեսվում է ավարտել 17։00-ին։

Դրանից հետո բողոքի ակցիայի առաջնորդների պատվիրակությունը կգնա նահանգի գլխավոր նախարար Դեւենդրա Ֆադնավիսի գրասենյակ եւ նրան կներկայացնի պահանջների ցանկը։

Երթը մարաթհիների ժողովրդի ներկայացուցիչների քարոզարշավի մասն է, որը սկսվել է մեկ տարի առաջ՝ 2016 թվականի օգոստոսի 9-ին։ Երթերի համար առիթ դարձավ Քոփարդի գյուղում մարաթհիների համայնքից 14-ամյա աղջկա խմբակային բռնաբարությունն ու սպանությունը։ Մեղադրյալները անձեռնամխելիների կաստայից են։