Լոռու մարզի Դեբետ համայնքում շուրջ 20 օր առաջ խոշոր եղջերավորների շրջանում գրանցված վարակի տարածումը կանխելու համար գյուղացիները շարունակում են սիմպտոմատիկ բուժումներ կատարել: Խոսակցությունները, թե Դեբետում ու հարակից Դսեղում խոշոր եղջերավորների շրջանում դաբաղ է տարածված, առայժմ ոչ հաստատվում են, ոչ ժխտվում: Գյուղացիներն էլ անասնաբույժի խորհրդով շուրջ 20 օր տեղային բուժումներ են անում՝ չիմանալով, սակայն, թե հատկապես ինչ հիվանդությամբ են վարակված անասունները:
«10 հատ անասուն ունեմ, 10-ն էլ հիվանդ են: Գարունվանից դեսը հիվանդ են»- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասում է դեբետցի Արայիկ Մատինյանը:
Բնակչի խոսքով, դաբաղի դեմ բուժամիջոցներ են օգտագործում, սակայն, թե հատկապես ինչ հիվանդությամբ են հիվանդ անասունները, չգիտեն:
«Դաբաղը մենակ ոտից ու լեզվից ա ըլնում, բայց հիմի ոտից էլ կա, պտկից էլ կա: Սաղ ապրանքը լղարած, վեր դառած ա»,- նշում է գյուղացին:
Գյուղացին բողոքում է, որ հիվանդության պատճառով զրկվել են կաթից, որն ընտանիքի հիմնական եկամտի աղբյուրն է հանդիսանում:
«Առավոտը 6-7 լիտր կաթ էի վերցնում, իրիկունը՝ 8-9 լիտր: Բայց հիմի կես լիտր էլ չկա»,- ասում է Արայիկ Մատինյանը:
Էդվարդ Պողոսյանը, որը երկու կով ունի, մի քանի օր առաջ է անասուններին ստիպված սարից գյուղ իջեցրել: Նա ևս դժգոհում է՝ եկամուտները կտրուկ նվազել են, ծախսը՝ ավելացել:
Դեբետի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Կարինե Նազլուխանյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ գյուղում հաշվառված 908 կովերի շուրջ 70 տոկոսը հիվանդ է:
«Խոշոր եղջերավոր անասունները, նախնական տվյալներով, վարակվել են «դաբաղ» հիվանդությամբ: Առայժմ անալիզի պատասխանները չեն ստացվել, որ իմանանք, որ թե ինչ հիվանդություն է»,- ասաց մասնագետը:
Նշենք, որ ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը առայժմ չի հաստատում դաբաղի համաճարակի առկայությունը։ ՍԱՊԾ-ն տեղեկացրել է, որ ծառայությունը թեժ գծով կամ դիմումով չի ստացել որևէ ահազանգ գյուղացիներից կամ համայնքապետարաններից, սակայն ուսումնասիրում է լրատվամիջոցներում հրապարակված ահազանգը: Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Լոռու մարզային կենտրոնի պետ Կամո Սողոյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ մամուլի հրապարակումներից հետո իրենց աշխատանքային խումբը մեկնել է Դեբետ:
«Եղել ենք Դեբետի ամառային արոտավայր կոչվող տարածքում, ուսումնասիրել առկա վիճակը: Որպես այդպիսին կենդանիների մոտ հիվանդություն նկատվում է, բայց անմիջապես ասել, որ դա դաբաղ է, ճիշտ չէ ու տրամաբանական չէ»: ասաց նա:
Սողոյանի խոսքով, պարզելու համար հիվանդությունը անհրաժեշտ է նմուշառում կատարել, որը, սակայն, մասնագետները չեն արել:
«Մեզ արտահայտված կլինիկայով կենդանի է պետք, որ իրենից ախտաբանական նյութ վերցնենք: Չունեինք մենք այդպիսի արտահայտված ախտաբանական կլինիկայով կենդանի»,- պարզաբանեց ՍԱՊԾ պաշտոնյան:











