Հյուսթոնի բնակիչն, ով հայ համայնքը իր ընտանիքն է համարում՝ Ֆեյսբուքում ստեղծել է հանգանակություն հավաքելու համար նախատեսված Houston Armenian Family Relief Fund էջը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Ինչպես գիտենք Հարվի փոթորկի հետեւանքով մեծապես տուժել է նաեւ Հյուսթոնի հայ համայնքը: Ինչի արդյունքում տեղի բնակիչ Զարեհ Աղաջանեանը Ֆեյսբուքում հանգանակություն հավաքելու նպատակով մի էջ է բացել: Էջի եւ հայ համայնքին օգնելու մասին մանրամասները «Ամերիկայի Ձայն»-ը պարզել է հենց Զարեհից:

Հարցազրույցի ժամանակ Զարեհը պատմեց Թեքսասում տիրող ներկայիս իրավիճակի մասին: Նա ասաց, որ քաղաքը խառնաշփոթի մեջ է, դեռ շատ հատվածներ ջրի մեջ են: Փողոցները դեռ փակ են, ընտանիքներից շատերը դեռ չեն կարողանում վերադառնալ տուն:

Զարեհը շնորհակալ է, որ Թեքսասում շատ բարեսիրտ ընտանիքներ կան եւ հայ համայնքի բնակիչները աջակցում են միմյանց եւ կացարան տրամադրում: Նա պատմեց, որ երբ շաբաթ երեկոյան ջուրը սկսել էր բարձրանալ իր ընկերները առաջարկել էին հավաքել իրերն ու տեղափոխվել իրենց տուն: Միմյանց հանդեպ հայերի ցուցաբերած աջակցությունը շատ է հուզել նրան:

Զարեհ Աղաջանեանի խոսքերով, տուժած հայ ընտանիքների թիվը դեռ մեծանում է: Այս պահի դրությամբ գտել են 21 հայ ընտանիք, ովքեր մեծապես տուժել են Հարվի փոթորկի հետեւանքով: Բացի ջրի հասցրած հետեւանքները տներին նաեւ վնասել են ուժգին քամիները՝ ավերելով տանիքները:

Զարեը նաեւ տեղեկացրեց, որ հանգանակության միջոցով հավաքված գումարը ամբողջությամբ կբաժանեն այդ ընտանիքներին:

Նրա խոսքերով, տրամադրվող օգնությունը իհարկե միայն գումարի տեսքով չէ: Սան Անթոնիոյից երկու զինվորական տղաներ մեքենայով գնացել են Հյուսթոն օգնելու, մի քանիսն էլ ժամանել են Գլենդելից, Լոս Անջելեսից իրենց մեքենաներով: Զարեհն ասում է, որ բոլորի սիրտը ցավում է իրենց համար եւ հասնում են օգնության ինչպես, որ կարող են:

Հյուսթոնի հայ համայնքի տղաները նավերով գնում են մարդկանց տները եւ փորձում փրկել գույքը, որքանով որ հնարավոր է:

Ֆերյսբուքում Զարեհ Աղաջանեանի ստեղծած էջ կարող եք այցելել այս հղումով Houston Armenian Family Relief Fund եւ գումարը տրամադրել Ֆեյսբուքի միջոցով: Էջն արդեն $24,000 հանգանակություն է հավաքել եւ դրա հավաքած ողջ գումարը կբաշխվի Հյուսթոնում Հարվի փոթորկից տուժած բոլոր հայ ընտանիքների միջեւ:

Թեքսասի հայ համայնքին գումարային օգնություն կարող եք տրամադրել նաեւ Հյուսթոնի Սուրբ Գեւորգ հայկական եկեղեցու միջոցով այցելելով https://www.stkevork.org/relief էջ: