Թուրքիան շարունակում է հանդես գալ հանրաքվեի անցկացման ժամկետների դեմ: Այս մասին հայտնել է Քուրդիստանի արտգործնախարար Ֆալլահ Մուսթաֆան իր թուրք գործընկերոջ՝ Մեւլութ Չավուշօղլուի հետ Իրաքյան Քուրդիստանի անկախության հանրաքվեից մեկ շաբաթ առաջ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո, հայտնում է Kurdistan.ru-ն:

«Թուրքիան որոշ այլ երկրների հետ զբաղվում է այլընտրանքի առաջարկմամբ, որպեսզի Քուրդիստանը հետաձգի իր հանրաքվեն»,- բացատրել է նա: Ամերիկացի եւ բրիտանացի պաշտոնյաները, ինչպես նաեւ ՄԱԿ ներկայացուցիչը վերջերս հանդիպել են քրդական ղեկավարության հետ, որպեսզի համոզեն Քուրդիստանին հետաձգել քվեարկությունը: Սակայն քրդական իշխանությունները հայտնում են, որ իրենց նպատակը անկախությունն է եւ իրենք  Բաղդադից եւ միջազգային հանրությունից ցանկանում են ստանալ անկախության հստակ երաշխիքներ, եթե համաձայնեն քվեարկությունը հետաձգել:

Ակնկալվում  է, որ Անկարան հանդես կգա հանրաքվեի վերաբերյալ պաշտոնական հայտարարությամբ իր Ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո, որը կկայանա սեպտեմբերի 22-ին:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին այս շաբաթ հանդիպում կունենան, որպեսզի քննարկեն Քուրդիստանի հանրաքվեի հարցը: Էրդողանը հայտարարել է, որ իրենք Իրաքի ամբողջականության պահպանման վերաբերյալ  նույն դիրքորոշումն ունեն: