Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ նոյեմբերի 21-ին, «Սասնա ծռեր» զինված խմբի գործով առանձնացված 2-րդ մասով ամբաստանյալ Սերգեյ Կյուրեղյանը հայտարարեց, որ դատարանն արդարադատության հետ որեւէ կապ չունի եւ չի կարող համարվել Հայաստանի Հանրապետության դատարան:
«Հայաստանի տարածքը, հողը սրբություն է հայ ժողովրդի համար, հայը, որն իր սրբությունն համարում է ոչ էական նշանակություն ունեցող, չի կարող լինել Հայաստանի նախագահ: Ինչքան էլ փորձեք սրան դատավարության տեսք տալ, արդարանալու եք դուք եւ մեղադրողները, այս դատարանը Հայաստանի Հանրապետության դատարանը չէ, արդարադատության հետ որեւէ կապ չունի»,-ասաց նա:
Սերգեյ Կյուրեղյանի շահերի պաշտպան Մուշեղ Շուշանյանն իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխելու եւ նրա տեսակցությունների արգելքը վերացնելու մասին միջնորդություն ներկայացրեց դատարանին:
«Տեւական կալանավորումն ապօրինի է եղել, նա պետք է ազատ արձակվի: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը պարբերաբար երկարացվել է, շարոնակական կալանքի բողոքարկումներն անարդյունավետ են եղել: Իսկ դատարանը Սերգեյ Կյուրեղյանի նկատմամբ ոչ թե խափանման միջոց է ընտրել, այլ որոշել է անփոփոխ թողնել նրա նկատմամաբ ընտրված խափանման միջոցը: Այսինքն դատարանը չի ընդունել խափանման միջոց, այլ պահպանել է ընտրված խափանման միջոցը, որի իրավունքը չունի: Այսինքն` իմ պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին դատարանի որոշում չկա»,-ասաց նա:
Մուշեղ Շուշանյանը նաեւ նշեց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները պահվում են որպես ռազմագերիներ եւ քաղաքական բանտարկյալներ, նրանք որեւիցե հանցանք չեն գործել, այլ ապստամբության են դուրս եկել իշխող համակարգի դեմ: Մուշեղ Շուշանյանի մջնորդությանը միացան մյուս պաշտպանները:
Մեղադրողներն առարկեցին Մուշեղ Շուշանյանի ներկայացրած միջնորդությանը` նշելով, որ այն հիմնավոր չէ: Արամ Արամյանն առարկության ժամանակ Սերգեյ Կյուրեղյանին ամբաստանյալով դիմեց, որի ժամանակ Արամ Մանուկյանը վրդովեց եւ ասաց. «Ամբաստանյալ չի»,-որին Արամ Արամյանն արձագանքեց. «Արա, դու ձենդ կտրի»:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ ներկայացված միջնորդության մասով որոշում կայացնելու:
Պաշտպաններից Լուսինե Սահակյանը նշեց, որ մեղադրողները չեն կարող ներկայացված միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնել, քանի որ նրանք այս գործում ներգրավված չեն, որովհետեւ լիազորագիր դատարան չեն ներկայացրել:
Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող այս գործով արտագնա նիստը նախագահում է դատավոր Արթուր Օհանյանը:
Այս գործով կա 11 ամբաստանյալ՝ Արամ Մանուկյան, Հովհաննես Հարությունյան, Թաթուլ Թամրազյան, Արամ Հակոբյան, Տիգրան Մանուկյան, Արայիկ Հակոբյան, Վարդան Գերավետյան, Մարտիրոս Հակոբյան, Սերգեյ Կյուրեղյան, Գեւորգ Իրիցյան, Թորոս Թորոսյան:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով մյուս գործը Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանը:











