Թուրք-իրանական միլիարդատեր Ռեզա Զարաբը իրեն մեղավոր է ճանաչել: Այս մասին հայտարարել է ամերիկացի դատախազ Դեվիդ Դենտոնը: Նրա խոսքով՝ Զարաբը դատարանում կպատմի, թե ինչպես է Իրանը ԱՄՆ պատժամիջոցները շրջանցել, հաղորդում է AP-ն:
Նրա խոսքով՝ թուրք բանկիր Մեհմետ Հական Աթիլայի դեմ գործի մեջ Զարաբը առանցքային վկա կլինի: Նա նշել է, որ 2011 թվականից ի վեր, Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու սխեման թույլ է տվել համակարգել միլիարդավոր դոլարներ եւ սպառնալ ԱՄՆ անվտանգությանը:
Աթիլայի փաստաբան Վիկտոր Ռոկոն իր հերթին կասկածի տակ է դրել Զարաբի հեղինակությունը՝ նշելով, որ գործն ըստ էության վերաբերում է հենց իր հանցագործություններին: Ըստ նրա՝ Զարաբը մեղավոր կողմի հետ գործարք է կնքել, որպեսզի բանտից ազատվի եւ հավանաբար վկաների պաշտպանության համակարգին միանալու համար, որպեսզի ինքը եւ իր ընտանիքը կարողանան մնալ ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ թուրք-իրանական միլիարդատեր Ռեզա Զարաբը ԱՄՆ-ում անցյալ տարվա մարտին կալանավորվել էր: Նա մեղադրվում է անօրինական ֆինանսական գործարքներ կազմակերպելու մեջ, որոնք թույլ են տվել Իրանին 2010-2015 թվականներին շրջանցել ԱՄՆ պատժամիջոցները: Մեղադրանքը ներկայացվեց այս տարվա սեպտեմբերին: Զարաբից բացի, այն նաեւ ներկայացվեց նախկին նախարար Չագլայանին, պետական բանկի նախկին ղեկավար Ասլանին եւ երկու թուրք քաղաքացիական ծառայողների:
Զարաբի կալանավորումից մեկ տարի անց՝ 2017-ի մարտին, թուրք ազդեցիկ բանկիր եւ Turkiye Halk Bankasi AS-ի ղեկավարի տեղակալ Մեհմետ Հական Աթիլան այդ սխեմայի հետ կապված Զարաբի հետ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով ձերբակալվեց:
Անկարան բազմիցս պահանջել է Զարաբին արտահանձնել, որը սերտ, այդ թվում ֆիանասական կապեր ունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Վերջինս վախենում է, որ Զարաբը ամերիկացի քննիչներին կարող է հայտնել տեղեկություններ, որոնք իրեն խոցելի կդարձնեն:
Ռեզա Զարրաբ. Էրդողանի գիշերային մղձավանջը (ֆոտո)
Ամերիկացի դատախազը Չավուշօղլուին ստախոս է անվանել
Թուրքիայի իշխանությունները սկսել են Ռեզա Զարրաբի գործով վկաների որս




























