Բրիտանացին, որն արձակուրդում «մեքսիկական բեղերի» տեսքով ժամանակավոր դաջվածք էր արել, ալերգիկ ռեակցիայի պատճառով կարող է ողջ կայնքում այդ բեղերով էլ մնալ, փոխանցում է Daily Mail-ը:
Լեսթերից 28-ամյա սանտեխնիկ Արոն Մային հանգստանում էր Բենիդորմում: Իր ընկերոջ՝ Ադամի հետ նրանք որոշել են հինայով ժամանակավոր դաջվածք անել՝ դեմքին մեքսիկական ոճով բեղեր նկարել, իսկ հետո հանդերձավորված երեկույթի գնալ:
Հաջորդ օրն իսկ Արոնի դեմքը ծածկվել է բշտիկներով: Արձակուրդի ավարտին, երբ Ադամի դաջվածքն ամբողջությամբ մաքրվել էր, Արոնի դեմքն այտուցվել եւ, իր խոսքով, փուչիկ էր հիշեցնում: Ժողովրդական ոչ մի միջոց ու ոչ մի քսուք, որ գնել են տեղի դեղատներից, չի օգնել:
Դեպի Մեծ Բրիտանիա ուղեւորվող ինքնաթիռի մեջ Արոնը սկսել է շնչահեղձ լինել եւ վայրէջքից հետո նրան հոսպիտալացրել են: Հիվանդանոցում պարզել են, որ այտուցն ու բշտիկները հաճախ անորակ հինային ավելացվող պարաֆենիլենդիամին ներկանյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիայի հետեւանք են:
Բժիշկներն Արոնին ասել են, որ «մեքսիկական բեղերը» լավագույն դեպքում նրա դեմքին կմնան կես տարի, իսկ վատագույն դեպքում՝ ողջ կյանքում: Բժիշկները պացիենտին խորհուրդ են տվել մտածել մաշկի փոխպատվաստման մասին:











