Գերմանիայում տղամարդկանց դեմ բռնության մասին քիչ են խոսում, բայց այն կա։ Այդ մասին Բեռլինում հայ լրագրողների հետ զրույցում նշել է համակարգային թերապեւտ Պետեր Թիլը։

Նրա խոսքով, եթե տղամարդը դիմի ոստիկանություն եւ հայտնի, որ կինն իրեն ծեծել է, նրան լուրջ չեն վերաբերվի։ Թերապեւտը նշում է, թեեւ պաշտոնական վիճակագրության համաձայն, տղամարդկանց դեմ բռնություններն ընդհանուր թվի 20 տոկոսն են կազմում, իրենք ոչ պաշտոնական տվյաների են տիրապետում, ըստ որոնց այդ թիվն իրականում գրեթե կեսն է։

Իրավիճակը գերմանացի տղամարդկանց համար բարդանում է նաեւ նրանով, որ նրանց համար ճգնաժամային բնակարաններ չկան։ «Եթե տղամարդը փող ունի, կապրի հյուրանոցում, եթե ոչ՝ փողոցում»,- նշում է նա՝ հավելելով, որ բռնության ենթարկված տղամարդկանց օգնության համար պետությունը գումար չի հատկացնում։ Մինչդեռ կանանց համար ճգնաժամային բնակարաններն ամբողջությամբ ֆինանսավորվում են պետական միջոցներից։ Հարցին, թե որն է նման խտրականության պատճառը, Պետեր Թիլը պատասխանեց, թե 70-ականների ֆեմինիստական շարժումներից հետո կանանց իրավունքների առոմով զգալի առաջընթաց է եղել Գերմանիայում, ուստի կանանց իրավունքները պաշտպանող կազմակերպություններն ավելի հարուստ են, մեծաթիվ։

«Ժողովրդական համերաշխություն» կազմակերպության դիպլոմավորված հոգեբան Գերհարդ Հաֆներն էլ նշում է, թե ընտանեկան բռնությունները հնարավոր են հասարակության բոլոր շերտերում, սակայն զարմանալիորեն մեծ թիվ են կազմում տարեց եւ կիրթ գերմանացիների շրջանում, ընդ որում՝ այդ ընտանիքներից չափազանց քիչ են դիմում իրավապահներին։ Հոգեբանը դա բացատրում է այն հանգամանքով, որ երիտասարդներն ավելի հեշտ են բաժանվում իրարից, ընդհանուր ունեցվածք չունեն կամ քիչ ունեն, մինչդեռ տարեցների դեպքում այլ է։ Երեխաներն արդեն ամուսնացել, հեռացել են, ամուսիններն էլ իրար տանել չեն կարողանում,ս ակայն ստիպված են հանդուրժել միմյանց։

Բեռլինի Charite համալսարանական կլինիկայի բռնության զոհերի պաշտպանության ամբուլատորիայի գլխավոր լիազոր Դագմար Ռայնեմանն, օրինակ, նշում է, թե ըստ վիճակագրության, ընտանիքում բռնությունները սկսվում են կնոջ հղիության ընթացքում կամ առաջին ծննդաբերությունից հետո։ «Երբ հայտնվում է երեխան շատ բաներ փոխվում են, փոխվում են դերերը, կինը կարող է ավելի շատ ուշադրություն դարձնել երեխային, որոշ դեպքերում դա նյարդայնացնում է հորը»,- ասում է նա։

Charite-ն միայն անցած տարի բռնության 14655 դեպք է արձանագրել, որոնցից 586-ը սեռական բռնությունների դեպքեր են։ 8 կին սպանվել է։ Վերջին վեց տարում տարեկան միջինը 12 կին է սպանվում։ Առաջին անգամ բռնությունից հետո հիվանդանոց դիմում են 18 տոկոսը, երկրորդ եւ ավելի դեպքերից հետո՝ 81 տոկոսը։ Բռնության դեպքերի 94 տոկոսը՝ ձեռքով ծեծի դեպքերն են, 3 տոկոսում օգտագործվում է դանակ, 2 տոկոսի դեպքում՝ այրվածքներ են լինում։