Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը ներկայացնելուց առաջ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն անդրադարձավ այսօր ԱԺ-ում տեղի ունեցած արտակարգ իրավիճակին, երբ «Ելք»-ի պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին եւ լքեցին նիստերի դահլիճը.

«Քիչ առաջ այն բուռն քննարկումը, որ տեղի ունեցավ դահլիճում, ի զարմանս ինձ, մասամբ վերաբերվում էր այն կարգավորումներին, որոնք չկային այն օրենքում, որը դրվում էր քվեարկության, այլ վերաբերվում էր հենց այս օրենսգրքին, որը ես ձեզ ներկայացնում եմ: Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն գիտակցում, թե որ օրենքի նախագիծն է քննարկվում: Նախագիծը սահմանադրական չէր, իսկ սահմանադրական օրենսգիրքն այն է, ինչ ես ձեզ ներկայացնում եմ»,-ասաց նա:

Ավելի ուշ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Դավիթ Հարությունյանը նշեց, որ իրականում այդ ամբողջ պատմության պատճառն այն է, որ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը սխալմամբ նշել է, որ Դատական օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ օրինագիծը սահմանադրական օրենք է եւ պետք է ընդունվի ԱԺ պատգամավորների 3/5-ով:

«Գործող Դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելը Սահմանադրական օրենք չէ։ Սահմանադրական օրենք է այն դատական օրենսգրքի նախագիծը, որը ես այսօր ներկայացրել եմ, որովհետև այն նախագիծը, որ ես այսօր ներկայացրել եմ, անդրադարձ է կատարում Սահմանադրությամբ նախատեսված հարցերին ևս», - պարզաբանեց Դավիթ Հարությունյանը՝ հավելելով. «Ես կարծում եմ՝ շփոթն այդտեղից է գալիս, քանի որ քվեարկության դրված նախագիծը Սահմանադրական օրենք չէ և 63 ձայնի պահանջ չկա»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն ընդունվել է 63 կողմ ձայներով ու մեծ աղմուկով:

Բանն այն է, որ այս օրենքն ընդունելու համար անհրաժեշտ է պատգամավորների 3/5-ի ձայները՝ այսինքն առնվազն 63 ձայն, սակայն ցուցատախտակը ցույց էր տալիս, որ կողմ է քվեարկել 61 պատգամավոր: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի կոճակը չի աշխատել, եւս մեկ կողմ ձայն Արփինե Հովհաննիսյանի կողմից է, ով ներկա չէ նիստին, սակայն նախապես տեղեկացրել է, որ կողմ է քվեարկելու: Սակայն ընդդիմությունը պնդում էր, որ ըստ ցուցատախտակի, կողմ է քվեարկել նաեւ «Ծառուկյան» խմբակցությունից Նապոլեոն Ազիզյանը, ով իրականում դեմ է եղել:

Ազգային ժողովում քվերակությունից հետո խառնաշփոթ սկսվեց: «Ելք» դաշինքի պատգամավորները պահանջեցին օրենքի նախագիծը նորից դնել քվեարկության, սակայն նրանց պահանջը չկատարվեց: «Ելք»-ի պատգամավորները սկզբում սկսեցին բռունցքներով հարվածել սեղաններին, ապա հայտարարեցին, որ լքում են նիստերի դահլիճը եւ չեն մասնակցելու «կոմեդիա» քվեարկություններին: