Հայաստանում պետք է նոր Դատական օրենսգիրք ընդունվեր, ոչ թե փոփոխություններ արվեին, ինչպես եղավ այս անգամ: Խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով նախօրեին մեծ աղմուկով ընդունված նախագծին

«Օրենքները դարձրել ենք կարկատան, յուրաքանչյուր թեթեւ բան անելու համար բերում ենք Ազգային ժողով, մեծամասնությունն էլ հաստատում եւ կարկատում է: Նոր Դատական օրենսգիրք պետք է ընդունվեր եւ հարցը լուծվեր, ոչ թե փոփոխություններ արվեին»,- ասաց նա:

Արտակ Զեյնալյանը նաեւ անդրադարձավ այն մեղադրանքներին, թե «Ելք»-ը տեղյակ չէ, որ Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը սահմանադրական օրենք չէ:

««Ելքն» այն խմբակցություններից է, որ ծանոթ է նախագծերին, նիստերին պարտադիր մասնակցում է եւ շատ ակտիվ է: Երեկ «Ելքը» չի մասնակցել նիստերին, երեք կարեւորագույն փաստաթղթերի քննարկումն ավարտվել է ժամը 14.30-ի սահմանաներում՝ ընդմիջումները հանած: Սա՞ է ձեռնտու մեծամասնությանը, որ օրենքները շատ արագ անցկացվեն»,- ասաց Արտակ Զեյնալյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարարն ու ԱԺ մամուլի ծառայությունը պարզաբանեցին, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության: