Հանրային հեռուստաընկերությունն առնվազն լրատվական դաշտում իր գործառույթները չի կատարում, պետք է վերջ տալ «աջ ձեռքով ձախ ականջը քորելու» պահվածքին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խորհրդարանում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը՝ անդրադառնալով «Դատական օրենսգրքում» փոփոխություններ եւ լրացումներ անելու մասին օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ քվեարկության վերաբերյալ Հ1-ի ռեպորտաժին, թե «Ելք»-ը նախօրեին լքել է նիստերի դահլիճը՝ առանց հասկանալու, թե ինչ օրինագիծ է դրվում քվեարկության:

«Երկրորդ, ամեն ինչու մեղադրում եք «Ելք»-ին, թե «Ելքը» չգիտի, բայց «Ելքը խորհրդարանական բոլոր լսումներին եւ հանձնաժողովների նիստերին մասնակցած միակ խմբակցությունն է, մենք միշտ դահլիճում ենք, ոչ մի բացակա չենք ունեցել: Ելույթ են ունենում այստեղ եւ Դավիթ Հարությունյանի ասածը վերագրում մեզ: Դավիթ Հարությունյանն այսօրվա Կառավարության ամենագրագետ նախարարներից մեկն է, բայց նրա մասով մեզ վրա մուննաթ մի եկեք, եթե ձեր անդամը ինչ-որ բան սխալ է ասել, իրար մեջ պարզեք»,- ասաց Արամ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության: