Իմ եւ Դավիթ Հարությունյանի միջեւ փորձել անձնական խնդիր տեսնել, անբարոյական է: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Գեւորգ Կոստանյանը:

«Դավիթ Հարությունյանն իմ հարսանիքի եւ կնունքի քավորն է: Դավիթ Հարությունյանի նկատմամբ միշտ խորին հարգանք ունեցել եմ եւ ունենալու եմ: Իրավաբանության առումով, ես իմ առաջին պաշտոնը զբաղեցրել եմ Դավիթ Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ, հետեւաբար, եթե շատ փորձեք իմ եւ Դավիթ Հարությունյանի միջեւ անձնական ինչ-որ խնդիր տեսնել, համոզված եղեք, անհնար է, անտրանմաբանական  է ու անբարոյական»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով: ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, քվեարկության դրվածը սահմանադրական օրենք չի եղել: Մինչդեռ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանը այն ներկայացնում էր որպես Սահմանադրական օրենք:

Կարծիքներ հնչեցին, որ դրանով ընդգծվեց Դավիթ Հարությունյանի եւ Հրայր Թովմասյանի միջեւ առկա անձնական հակասությունը:

Այս առնչությամբ, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ մանագիտական տարբեր մոտեցումներ են, որոնք իրենք միշտ էլ ունեցել են եւ կունենան. «Դավիթ Հարությունյանը հարգված իրավաբան է, բայց ես էլ իմ կարծիքն ունեմ»: