Նախօրեից մեծ աղմուկ հանած «ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ԱԺ-ում այսօր՝ դեկտեմբերի 21-ին, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց ոչ պակաս մեծ աղմուկով:
Նախ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ այն սահմանադրական օրենք է եւ ընդունելու համար պետք է լինի առնվազն 63 կողմ ձայն, ու հայտարարեց քվեարկություն:
Ցուցատախնատի վրա երեւաց, որ կողմ է քվեարկել 58 պատգամավոր եւ որոշումը չի ընդունվել:
Այդ ընթացքում «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն անընդհատ տեղից բղավում էր, որ իրեն վարման կարգով ձայն տան:
Սակայն Արա Բաբլոյանը, տեսնելով, որ օրինագիծը 58 կողմ ձայն է հավաքել, հայտարարեց, որ պետք է այն վերաքվեարկության դնել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը բղավում էր եւ խանգարել է ԱԺ բնականոն աշխատանքը:
Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախքան քվեարկությունը «Ելք»-ը 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ քանի որ քվեարկության ժամանակ որոշ կոճակներ չեն աշխատել պետք է լինի վերաքվեարկություն. «Քվեարկությունից հետո, հաջորդ քվեարկության ժամանակ միայն կարող են վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալ»,-ասաց նա:
ՀՀԿ խմբակցությունից Սամվել Նիկոյանը եւս հայտարարեց, որ քանի որ որոշ պատգամավորներ չեն հասցրել քվեարկել, նրանք խնդրում են կամ կողմ հաշվել կամ կատարել վերաքվեարկություն:
ԱԺ նախագահը վերաքվեարկության դրեց օրինագիծը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը վարման կարգով ձայն էր խնդրում, ինչը սակայն անտեսվեց:
Փոխարենը շատ ակտիվ էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով տեղից բղավում էր. «Բոլորդ քվեարկեք, Գագո քվեարկի, Արթուր քվեարկի»:
Օրինագծին կողմ քվեարկեց 64 պատգամավոր եւ այն ընդունվեց:
«Ելք» խմբակցությունից Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ առաջին քվեարկությունից հետո որեւէ պատգամավոր չհայտարարեց, որ ինքը լավ չի քվեարկել կամ չի հասցրել, որ հիմա էլ վերաքվեարկության անհրաժեշտություն է առաջացել:
Էդուարդ Շարմազանովը նույնպես ձայն վերցրեց եւ ասաց. «Աժիոտաժ սարքել պետք չի: Կներեք, ԱԺ նախագահությունն էլ սադի Գոքորները չեն, որ դուք ոնց ուզեք, տենց էլ անեք: Կան օրենքներ, խնդրում եմ ԱԺ նախագահին օրնեքով ամեն բան անել: Ընդունվել է որոշումը, խնդրում եմ սադրանքների չտրվել, մանկապարե՞զ ա, ինչ ա»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 20-ին Դատական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր մեծ աղմուկով: Ի սկզբանե Արա Բաբլոյանը հայտարարել էր, որ քվեարկության է դրվում սահմանադրական օրենք, որի ընդունվելու համար անհրաժեշտ է 63 ձայն, սակայն, նախագիծն ընդունվեց 61 կողմ ձայնով:
ԱԺ նախագահը նշել էր, որ պատգամավոր Մախմուդյանի կոճակը չի աշխատել, «ընդունվեց» նրա բանավոր հայտարարությունը, թե ինքը կողմ է նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավորը, սակայն, պահանջել էին կրկին քվեարկության դնել օրինագիծը, ԱԺ նախագահը մերժել էր այն եւ անցել հաջորդ նախագծի քվեարկությանը: Որպես բոյկոտի նշան՝ «Ելք»-ի անդամները լքել էին նիստերի դահլիճը: Ավելի ուշ արդեն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պարզաբանեց, թե «շփոթմունք» է տեղի ունեցել, սահմանադրական օրենք չի դրվել քվեարկության:











