Ազգային ժողովում, այսօր՝ դեկտեմբերի 21-ին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը 5-րդ անգամ 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց՝ հիմնվելով ԱԺ կանոնակարգ օրենքի 63-րդ հոդվածի 3-րդ հետի վրա:
Նախքան այդ, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցանկանում էր քվեարկության դնել «Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
Ընդմիջումից հետո օրենքի նախագիծն ընդունվեց 64 կողմ ձայներով:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը հայտարարեց. «Ուզում եմ մեր գործընկերներին եւս մեկ անգամ հորդորել, խնդրել, որ սա գործընկերային հարաբերություններից դուրս է: Մեր գործընկեր Աղվան Վարդանյանը դիմեց մեկ անգամ, խնդրեց, բայց կարծես չընկալեցին: Այս վիճակն առաջին անգամ չէ, նախկինում եղել է մեր խորհրդարանում եւ համակարգային լուծում է ունեցել: Պարոն Բաբլոյան, ցավոք սրտի, մարդիկ օգտվում են նիստը վարելու Ձեր բարեկիրթ պահվածքից: ԱԺ բնականոն աշխատանքները խաթարելու միտում կա: Եթե մեր գործընկերները ի չարս են օգտագործելու ԱԺ կանոնակարգի այդ հնարավորությունը, կարծում եմ, անհրաժեշտություն կա վերանայելու օրակարգը, որը կարվի»:
«Ելք» խմբակցությունից Սասուն Միքայելյանն էլ հումորով ասաց. «Քանի որ դեռ երկու ժամ այստեղ ենք լինելու, կառաջարկեի մեզ պատիվ տաք»:











