Սպիտակցի 77-ամյա Սերյոժա պապը մի քանի տարի է, խոհեմ կին է փնտրում՝ ամուսնանալու համար: Հարմար հարսնացու գտնելու նպատակով նա պարբերաբար ծանոթության հայտարարություններ է տալիս տեղական լրատվամիջոցներով: Ինչպես ինքն է ասում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, հայտարարություններին արձագանքողները շատ են, սակայն նրանց մեծամասնությունն իրեն դիմում է ոչ թե ամուսնանալու, այլ ֆինանսական աջակցություն ստանալու ակնկալիքով:
Ոմանք էլ, տեսնելով, որ նա բնակվում է տնակում, համաձայնում են ամուսնանալ մի այն դեպքում, եթե վերջինս բնակարան գնի ու իրենց էլ գրանցի այդ բնակարանում:
Սերյոժա պապը ծիծաղելով պատմում է, որ զանգահարած կանանցից մեկն էլ ասել է, որ իր հետ ամուսնանալու դեպքում նրա տուն կտեղափոխվի նաեւ 38-ամյա դուստրը: Մեկ ուրիշին՝ 45-ամյա հերթական հարսնացուին, պապն ինքն է մերժել: Ասում է. «Ես հո՞ հիմար չէի, որ ինձնից 30 տարով փոքր կին ուզեի»:
Հարցազրույց տալով, պապն ակնարկում է, թե հույս ունի, որ այս անգամ կարձագանքեն միայն նրանք, ովքեր կարեւորում են հոգեկան կապվածությունը, այլ ոչ թե իր ունեցած ֆինանսական միջոցները: Սերյոժա պապը վերջերս ֆինանսական փոխհատուցում է ստացել կորցրած բնակարանի դիմաց: Բնակարան գնել, սակայն, դեռեւս չի շտապում տեղափոխվել: Հիմա միակ շտապելիքը հարմար կին գտնելն է:
«Ես այլասերված չեմ, որ էս տարիքում ասեմ՝ ինձ սեքսուալ կին է պետք: Ինձ հոգեպես նվիրվող կին է պետք, որ մի բաժակ ջուր տա, իմ խոսքն իրա ոտքի տակ չընկնի... »,- ասում է պապը:
Մի քանի սենյականոց տնակում պապը խնամքով դասավորել է ձմեռվա պաշարը՝ պահածոներ, կաղամբ, կարտոֆիլ, սոխ: Չորացրած ավելուկն ու խոաբույսերն էլ կախել է լարից: Մյուս սենյակում ճաշացուներն են, ննջասենյակում՝ արդուկված, ճերմակ վերնաշապիկներն ու բազմազան փողկապները՝ նախատեսված ամենատարբեր առիթների համար: Բակում թափված փայտն էլ շուտով կջարդի, կտեղավորի, բայց տնակում ցուրտ է՝ կնոջ ջերմության պակաս է զգացվում:











