Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով կիբեռանվտանգության խնդիրներին:

Նա, իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Ահաբեկչության տարատեսակներից մեկի՝ կիբեռահաբեկչության դեմ պայքարի փորձը ցույց է տալիս, որ դրա սպառնալիքները նույնպես չեն պակասում: Ավելին, մենք պետք է աչալուրջ վերաբերվենք ընդհանուր առմամբ կիբեռանվտանգության խնդիրներին՝ հաշվի առնելով, թե ինչ կարեւորություն է ստանում տեղեկատվական եւ հեռահաղորդակցային տեխնոլոգիաների կիրառումը մեր կյանքում:

Արդի աշխարհում տեղեկատվական ցանցերը դարձել են յուրաքանչյուր պետության կարեւոր ենթակառուցվածքներից մեկը: Դրանց բնականոն գործունեությունը կենսական է թերեւս բոլոր բնագավառների համար: Այս ոլորտը մեր տնտեսության կարեւոր առաջնահերթություններից մեկն է, որտեղ զարգացման մեծ ներուժ եւ հեռանկար կա: Ակնհայտ է, որ այս բնագավառում մեր հաջողություններին զուգահեռ աճելու է նաեւ նման հարձակումների քանակը:

Մենք պետք է հանցավոր ուժերից պաշտպանենք ինչպես մեր երկրի ֆիզիկական, այնպես էլ թվային ենթակառուցվածքները: Միայն 2017 թվականի ընթացքում ձեր կողմից կանխվել է պետական մարմինների տեղեկատվական համակարգեր եւ պաշտոնական կայքեր անօրինական մուտք գործելու կամ այլ հարձակումների շուրջ 1.5 միլիոն փորձ:

Խոսքս, իհարկե, միկրոխնդիրների մասին չէ: Մենք չենք պատրաստվում պարզունակ լուծումներ տալ՝ սահմանափակելով խոսքի ազատությունը կամ տեղեկատվություն հաղորդելու կամ տարածելու իրավունքը: Ինտերնետի գրաքննություն Հայաստանում չի լինելու, օրենքով չարգելվածը՝ թույլատրված է: Համոզված եմ, որ Հայաստանի հասարակությունն այնքան հասուն է, որ կարող է այս միկրոխնդիրները լուծել ինքնակարգավորման մեխանիզմով:

Ազգային անվտանգության մարմինները պետք է գործեն միջազգային իրավունքի եւ լավագույն միջազգային փորձի շրջանակներում: Այստեղ հատկապես կարեւոր է միջազգային համագործակցությունը, եւ մենք պետք է պատրաստ լինենք քննարկելու նաեւ այս բնույթի համագործակցության բոլոր առաջարկությունները:

Մակրոմակարդակում, անշուշտ, անհրաժեշտ է առաջին հերթին ապահովել տեղեկատվական եւ հաղորդակցային կենսական ենթակառուցվածքների պաշտպանությունը: Այդ ենթակառուցվածքների շարքում են առաջին հերթին պետության պաշտպանության եւ անվտանգության համար օգտագործվող տեղեկատվական եւ հեռահաղորդակցության միջոցները, ինչպես նաեւ ֆինանսատնտեսական համակարգի բնականոն աշխատանքը եւ կայունությունն ապահովող ցանցերը:

Լավագույնս պետք է պաշտպանված լինեն տվյալների պետական շտեմարանները եւ ցանցերը, որոնց հանդեպ հանցավոր արտաքին հետաքրքրությունն ու ոտնձգություններն անխուսափելի են: Այդպիսի ոտնձգություններ կարող են լինել ինչպես հակառակորդ պետությունների եւ կազմակերպված ահաբեկչական կամ այլ տեսակի խմբերի, այնպես էլ անհատ, այսպես ասած, «պարտիզանների» կողմից: Մեր մասնագետները նրանցից պետք է առնվազն մեկ-երկու քայլ առաջ լինեն՝ ժամանակին իրագործելով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները:

Կարծում եմ՝ վերջերս իմ կարգադրությամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության ապահովման եւ տեղեկատվական քաղաքականության հայեցակարգի» պատշաճ իրագործումը կուժեղացնի այս ոլորտում առկա գործիքակազմը, ինչը խիստ կարեւոր է արդի բարձր տեխնոլոգիաների անընդհատ զարգացման պայմաններում: