Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստում ունեցած իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա, մասնավորապես, ընդգծել է.

«Ազգային անվտանգության ծառայության գործունեության մեջ հատկապես կարեւոր է սահմանադրական կարգի ապահովման գործառույթը: Սահմանադրական կարգի ամրությունը երկրի անկախությունը, պետության եւ ժողովրդի պաշտպանվածությունը երաշխավորող հիմնական նախապայմանն է: Այս արժեքը թիրախավորող ցանկացած քայլ իրական սպառնալիք է ազգային անվտանգության համար:

Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ եւ զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Ինչ-ինչ հարցեր, վեճեր, դժգոհություններ, տարաձայնություններ քննարկելու եւ լուծելու համար Սահմանադրությամբ եւ օրենքով ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ինստիտուտները եւ մեխանիզմները:

Կասկածից վեր է, որ ազգային անվտանգության ծառայությունը եւ մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետեւողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են:

Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում եւ համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսեւորման:

Այստեղ պետք է անդրադառնամ եւս մի կարեւոր հարցի: Ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության եւ ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: Նման հակադրումը կեղծ է եւ ինձ համար անընդունելի: Անվտանգությունը եւ ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված եւ փոխգործակցող երեւույթներ են:

Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի եւ համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք , իհարկե, մենք աշխատելու նաեւ ապագայում: