Մառախուղի պատճառով «Զվարթնոց» օդանավակայանում դեկտեմբերի 22-ին հետաձգված թռիչքների մի մասի ուղեւորներն այսօր են Հայաստանից մեկնում: NEWS.am-ի հետ զրույցում  Դոհա մեկնող ուղեւորներից տիկին Սվետլանան նշեց, որ գիշերը ժամը 03:20-ին պետք է մեկներ Դոհա, որտեղից էլ Լոս Անջելես, սակայն, թանձր մառախուղի պատճառով թռիչքը գրեթե մեկ օր հետաձգվել է: Տիկին Սվետլանան նշեց, դեպի Դոհա թռիչքն այսօր ժամը 16:00-ին է, որտեղից էլ առաջին իսկ թռիչքով մեկնելու է Լոս Անջելես:

«Մեզ երեկ զանգեցին ու զգուշացրին, որ օդանավակայան չգանք, որովհետեւ հետաձգվել է, ասացին, որ ժամը չորսին ա այսօր թռիչքը, եկել ենք, որ գնանք: Հիմա Դոհա ենք գնում, որտեղից էլ միանգամից Լոս Անջելես ենք գնալու»,-ասաց նա:

Լոս Անջելես մեկնող մեկ այլ քաղաքացի էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Դոհայից պետք է միանգամից մեկներ Լոս Անջելես, սակայն, հետաձգման պատճառով ճանապարհը հետաձգվել է. պետք է Դոհայից մեկնի Ֆիլադելֆիա, այնուհետեւ՝ Լոս Անջելես:

«Հիմա ճանապարհը երկարել ա, որովհետեւ մոտակայում այլ թռիչքներ չկան, ամբողջ գրաֆիկը խառնվել ա: Տոմսի ծախսերը ավիաընկերությունն է հոգալու»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 10:50-ի դրությամբ ուշացել է Երեւանից մեկնող 13 եւ Երեւան ժամանող 16 թռիչք: Հետաձգվել են մասնավորապես,  Դուբայ, Մոսկվա, Դոհա, Կիեւ, Թբիլիսի, Վորոնեժ, Եկատերինբուրգ  չվերթները։

Հիշեցնենք, որ երեկ օրվա առաջին կեսին թանձր մառախուղի պատճառով հետաձգվել էին բազմաթիվ  չվերթներ։