Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին, այսօր՝ դեկտեմբերի 26-ին, բողոքի ակցիա է կազմակերպել ՊԵԿ շենքի դիմաց: Նա «Հարությունյա'ն (նկատի ունի ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանին-խմբ), դու ստորագույն ստախոս, սրիկա» գրությամբ պաստառը ձեռքին ՊԵԿ շենքի դիմաց պառկել է գետնին եւ պառկած վիճակում պարզաբանել է` ինչի դեմ է բողոքում:

«Արդեն 2 շաբաթ է` բեռը ստացել եմ, մաքսազերծման համար խոչընդոտներ են առաջացնում, օրինակ այն, որ Արարատյան մաքսատան բոլոր բրոքերային ծառայությունները հրաժարվեցին դա ձեւակերպել: Իմ կարծիքով` դա մաքսային մարմինների ցուցումով է, որովհետեւ նրանք բացարձակ կախման մեջ են նրանցից եւ կատարում են նրանց հրամանը»,-NEWS.am-ին ասաց Վարդգես Գասպարին:

Նա նշեց, որ փորձել է հարցը լուծել մեկ պատուհանի սկզբունքով, սակայն դա էլ չի հաջողվել:

«Մենք փորձում էինք գրավոր հարցերը լուծել, մեզ ասում են պետք է զանգեք չգիտեմ` ում, որը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում իր մեջ»,-ասաց Գասպարին:

ՊԵԿ աշխատակիցներից մեկը ակցիայի ընթացքում պատռեց Գասպարիի պաստառը, որից հետո նրան նոր պաստառ բերեցին:

Ակցիայի ընթացքում Գասպարիին մոտեցավ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը եւ փորձեց հասկանալ, թե որն է խնդիրը:

Գասպարին ասաց, որ ինքը դիմել է ՊԵԿ-ին եւ խնդրում է իրեն գրավոր պատասխանել. «Դուք մեծագույն ստախոս սրիկա եք, գրավոր եմ դիմել Ձեզ, գրավոր էլ պատասխանեք»,-պնդում էր Վարդգես Գասպարին, ինչին ՊԵԿ աշխատակիցը հակաճառում էր, որ չվիրավորի եւ հեռանա տարածքից, քանի որ խանգարում է կոմիտեի աշխատանքը:

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետն ասաց, որ Գասպարիի հետ ուղղակի անիմաստ է մարդկային լեզվով խոսել եւ հեռացավ: