Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից: Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել ՀՖՖ նախագահին, Ռուբեն Հայրապետյանն էլ ընդունել է: Հավաքականի նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս:
Մեր տեղեկություններով՝ այդ պաշտոնը նորից զբաղեցնելու է Վարդան Մինասյանը: Նա, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում ասել է, թե առաջին անգամ է լսում այդ մասին: Հիշեցնենք, որ Վարդան Մինասյանը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցրել է նաեւ 2009-2013 թվականներին: Անցյալ տարվա փետրվարից նա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Տեխնիկական տնօրենն է:
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է միանգամից 9 խորհրդականի: Կառավարության լրատվական վարչությունից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ աշխատանքից ազատվել են գլխավոր խորհրդական Էռնեստ Ներսիսյանը, ինչպես նաեւ խորհրդականներ Արիաննե Կաոիլին, Համլետ Հովսեփյանը, Էրիկ Գյուլազյանը, Արմեն Ավակ Ավակյանը, Ալեքսանդր Խաչատուրյանը, Մհեր Տերտերյանը, Սամվել Սարգսյանը, Վռամ Գյուլզադյանը:
Սկանդալ փաստաբաններ Ալեքսանդր Սիրունյանի ու Կարեն Կիրակոսյանի մասնակցությամբ: Քաղաքացին հաղորդում է տվել, որ փաստաբանները խարդախությամբ իրենից խոշոր չափի գումար են հափշտակել: Հարուցված քրեական գործի շրջանակում Սիրունյանին ու Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել: Մեր թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Սիրունյանը, սակայն, վստահեցրեց, որ քրգործը սարքված է: Նա պատմեց, որ իրենց վստահորդը 2 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, ապա կրկին կալանավորվել, ինչից հետո դատարանն իրենց փաստաբանական գրասենյակ է ուղարկել վճարված գումարը: Փաստաբանի խոսքով՝ վստահորդի ընտանիքն իրենից պահանջել է այդ գումարը, ինքն էլ պահանջել է փաստաբանական ծառայության գումարը՝ ավելի քան 1 մլն դրամ: Սիրունյանի պնդմամբ, սա քաղաքացիական գործ է, ոչ թե քրեական, հետեւաբար՝ սխալ է, որ այն Քննչական կոմիտեն է քննում:
Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով մեղադրողն այսօր դատարանում պահանջել է «Շենգավիթ» բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման: Արա Մնացականյանը նաեւ լրացուցիչ պատիժ է պահանջել. երկարամյա փորձ ունեցող բժշկուհուն 3 տարով զրկել մասնագիտական գործունեությամբ զբաղվելուց: Գործով մյուս ամբաստանյալ՝ երիտասարդ բժշկուհի Անի Բաբելյանի համար մեղադրողը 2.5 տարվա ազատազրկում է պահանջել: Հիշեցնենք, որ Մերի Մարգարյանն ու դուստրը մահացել են 2015 թվականի հուլիսին: Նրանց մահից շուրջ 2.5 տարի անց գործով նոր մեղադրյալ է ներգրավվել. օրերս մեղադրանք է առաջադրվել «Շենգավիթ» բուժկենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանին: Նա 2015-ի հուլիսի 26-ին հերթապահել է եւ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, պատշաճ չի կատարել պարտականությունները:
Կարմրուկի եւ կապույտ հազի հետ կապված իրավիճակը վերջին շաբաթներին նկատելիորեն վատթարացել է: Հայաստանում արդեն գրանցվել է կարմրուկի 15 եւ կապույտ հազի 31 դեպք: Իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը տեղեկացրեց, որ կարմրուկով 15 հիվանդից 12-ը պատվաստված չի եղել, 3-ը պատվաստվել է մասնակի: Ինչ վերաբերում է կապույտ հազին. 23 հիվանդները անգամ 1 տարեկան չկան, մյուսները մինչեւ 9 տարեկան են: Այս դեպքում էլ նրանցից 17-ը պատվաստված չի եղել, 6-ը պատվաստվել է մասնակի: Բացի այդ՝ կապույտ հազի հետեւանքով մահվան մեկ դեպք է գրանցվել: Եթե հետագայում եւս մարդիկ հրաժարվեն պատվաստվելուց, Գայանե Սահակյանը չի բացառում, որ երկրում կգրանցվեն նաեւ գրեթե մոռացված հիվանդությունների՝ խոզուկի, դիֆտերիայի, նույնիսկ պոլիոմիելիտի դեպքեր:
Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալը դուրս է եկել ծայրահեղ ծանր վիճակից: Բրիտանացի բժիշկները հայտնել են, որ նրա վիճակն արագորեն բարելավվում է: Շուրջ մեկ շաբաթ առաջ էլ մասնագետները հայտնել էին նրա դստեր՝ Յուլիա Սկրիպալի ապաքինման մասին: Նշենք, որ հայր եւ դուստր Սկրիպալները ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց էին տեղափոխվել մարտի 4-ին: Լոնդոնը պնդում է, որ նրանց թունավորել են Ռուսաստանի հատուկ ծառայությունները, նյարդապարալիզացնող «Նովիչոկ» նյութով: Մոսկվան հերքում է այս մեղադրանքը: Իսկ «Սկրիպալի գործը» Մոսկվայի դեմ արշավի պատճառ դարձավ: Մեղադրանքների ֆոնին բազմաթիվ երկրներ հայտարարեցին ռուսաստանցի դիվանագետներին արտաքսելու մասին, ի պատասխան՝ նույնն արեց նաեւ Ռուսաստանը:
Ապրիլի 6-ին դոլարը փոքր-ինչ թանկացել է, եվրոն եւ ռուբլին՝ էժանացել: Դոլարի փոխարժեքը կազմել է 480 դրամ, եվրոյինը՝ 588, ռուբլունը՝ 8 դրամ 30 լումա, ֆունտինը՝ 673 դրամ:
Ապրիլի 7-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +4+6, ցերեկը՝ +20+22 աստիճան տաքություն:











