Հայաստան-ԵՄ համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձեւը մեզ ռեվերանս ու լավություն չէ:  Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության եւ ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջեւ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը (ֆոտոռեպորտաժ):

Նրա խոսքով, դա ընդամենը ԵՄ կողմից սեփական սկզբունքներին հետեւողականությանը տուրք է առ այն, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելությունը եւ սկզբունքները առողջ կոմպրոմիս են միակ լեգիտիմ միջազգային ձեւաչափի կողմից:

«Սա է իրականությունը եւ այն, որ սա ամրագրվել է փաստաթղթում, ռեվերանս չէ մեզ, այլ հետեւողական ամրագրում է եվրոպացի մեր գործընկերների կողմից»,-հայտարարեց Աշոտյանը:

Անդրադառնալով Հայաստան-ԵՄ համաձայնագրի կյանքի կոչմանը, նա նշեց, որ ինքն անձամբ չի դիտարկի համաձայնագիրը աշխատող, մինչեւ չտեսնի Եվրոպական խորհրդարանում դրա քննարկումն ու վավերացումը: «Ցանկալի է, որ ԵՄ կողմից համաձայնագրի վավերացումը լինի նախքան Եվրոպական Խորհրդարանի ժամկետի ավարտը՝ 2019-ի մայիսի վերջ կամ հունիսի սկիզբ: Ունենք այդ հնարավորությունը: Վրաստանի եւ Մոլդովայի դեպքում՝ էլ 1,5 տարվա ընթացքում են վավերացվել համաձայնագրերը»:

Նշենք, որ Հայաստան-ԵՄ համաձայնագրում ԼՂ խնդրի վերաբերյալ տեղ են գտել դրույթներ, որոնք համահունչ են ԵԱՀԿ Մինսկիխմբի համանախագահների կողմից առաջարկվող դրույթներին ու սկզբունքներին: