«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները մտան Իսակովի պողոտա եւ երկկողմանի փակեցին այն:

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Քանի որ ոստիկանությունը երթից հետ մնացածներին տանում է, մեր երթը շարունակվում է եւ Իսակովի երթեւեկելի երկու գոտիները փակում են, մինչեւ ազատ արձակեն բոլոր բերման ենթարկվածներին»:

Նշենք, որ Իսակովի պողոտան դեպի օդանավակայան տանող հիմնական ճանապարհներից մեկն է:

Մինչ այդ նա ցուցարարներին կոչ էր արել ողբերգական չվերաբերվել բերման ենթարկվելու փաստին: «Դա ևս քաղաքացիական անհնազանդության մաս է, կտանեն, կհանգստանան և դուրս կգան»: Փաշինյանը տեղեկացրեց, որ բերման ենթարկվածների խնդրով զբաղվող խումբ կա եւ ամբողջ տեղեկությունը փոխանցեն այդ խնդրով զբաղվող Արայիկ Հարությունյանին՝ հեռախոսահամարը  093 39-40-90:

Ցուցարարները երթը շարունակում են վուվուզելների ձայների ներքո:

Նշենք, որ այսօր առավոտից ցուցարարները շրջափակել էին Կառավարության 3 մասնաշենքը: Ոստիկանները կարողացել էին բացել շենքի մուտքերը, այդ ընթացքում բերման ենթարկելով տասնյակ ցուցարարների:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր աջակիցների հետ միասին ապրիլի 13-ից բողոքի ակցիաներ է իրականացնում Երեւանի փողոցներում՝ արգելափակելով փողոցներն ու հրապարակները: Նրանք բողոքում են Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ: Բողոքի ակցիաների ընթացքում բախումներից տուժել է 46 մարդ, այդ թվում Նիկոլ Փաշինյանը: Մի քանի տասնյակ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում անչափահասներ:

Կա հարուցված քրեական գործ Հանրային ռադիո մուտք գործելու եւ Մաշտոց-Թումանյան խաչմերուկում միջադեպի փաստերով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի հատկանիշներով:

Նշենք, որ ապրիլի 17-ին ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել 77 կողմ, 18 դեմ ձայներով: