Կգա քվեարկության օրը, կարտահայտեմ իմ կարծիքը, կտեսնեք: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության ժամանակ իր քվեարկությանը:
Նա նշեց, որ խմբակցությունը որոշում կկայացնի եւ վերջին պահին տեսակետը հրապարակային կներկայացնեն:
«Մեր հայտարարության մեջ ամեն ինչ ասված է, ամեն ինչ շատ պարզ ու հասկանալի է: Թե ինչպիսին կլինի կոնկրետ արտահայտման ձեւերը, այդ օրը կտեսնեք»,-ընդգծեց Նիկոյանը:
Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր որոշում է կայացրել, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլում իրենք թեկնածու չեն առաջադրի եւ կաջակցեն, որ պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուն ընտրվի: Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:











