Հանրապետական խմբակցության պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը դեմ է, որ մայիսի 8–ին վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին խմբակցության  պատգամավորների մի մասը քվեարկի։ NEWS.am–ի հետ զրույցում պատգամավորն ասաց՝ միասնական դիրքորոշման կողմնակից է։

«Եթե քվեարկում ենք, ես համամիտ չեմ, որ  մի մասը քվեարկի։ Մի քիչ հղի է, մի քիչ հղի չէ, այս միքիչները  կարող է պատուհաններ են թողնում ինչոր բանի համար,  բայց իմ կարծիքով ճիշտ չի այդպես։ Պետք է որոշենք՝ բոլորս միասին  քվեարկենք։ Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ աջակցություն կլինի, որ վարչապետն անցնի։ Սրա մասին արդեն իսկ հայտարարել է խմբակցության ղեկավարը»,–ասաց Ալիկ Սարգսյանը։  Հիշեցնենք, որ  մայիսի 1–ի ընտրությունից առաջ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հավաստիացրեց, որ  ՀՀԿ–ն չի խոչընդոտի վարչապետի ընտրությանը, սակայն մայիսի 1–ին  շուրջ տասը ժամ տեւած նիստի  ավարտին հայտարարեցին, որ դեմ են քվեարկելու։ Մայիսի 2–ին ՀՀԿ խմբակցության փակ նիստում, որին մասնակցել էր նաեւ ՀՀԿ  առաջնորդ Սերժ Սարգսյանը, որոշում ընդունվեց  պատգամավորների  մեկ երրորդի առաջադրած թեկնածուին սատարելու մասին, իսկ միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։ ՀՀԿ խմբակցությունից դեռեւս պաշտոնապես չեն հայտարարում՝ միասնակա՞ն են քվեարկելու, թե՞ ազատ է լինելու, սակայն առանձին պատգամավորներ պնդում են, որ չեն պատրաստվում քվեարկել Փաշինյանի օգտին։  Մեծամասնության՝ ընդդիմություն դառնալու գործոնը եւս շատ ՀՀԿ–ականների սրտով չէ, բայց Ալիկ Սարգսյանը դրան դեմ չէ դրան։ Անկախ  խմբակցության դիրքորոշումից՝  գործընթացներին նայելու է ընդդիմադիրի աչքերով։

Մեր զրուցակիցը չբացառեց, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո հնարավոր է՝ ՀՀԿ խմբակցությունը պառակտվի։ «Ավելի փորձառու քաղաքական շատ գործիչներ, որոնք քաղաքականության մեջ երկար տարիների պատմություն ունեն, ասում են՝ քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում,  ես չեմ բացառում, բայց այս պահին նախանշաններ չեմ տեսնում»։  Հանրապետական կուսակցության՝ իշխանություն վերադառանալու  նախանշաններ եւս այս պահին չի տեսնում։ «Դա կախված է  նոր իշխանության գործելաոճից, հաջողություններից եւ ձախողումներից։ Ես չգիտեմ՝ ինչ զարգացում կլինի երկրում։  Բոլոր վարկածները, որ իրենք առաջարկում են երկիրը զարգացնելու, երկխոսություն ու հանդորժողականություն լինելու ուղղությամբ, եթե էս ամեն ինչը  իրագործվի, չեմ կարծում, որ ՀՀԿ–ն իշխանության համար ծուռումուռ պայքար ծավալի։ Կարծես թե այդ մոլուցքն այլեւս ոչ մեկիս մեջ չկա»,–ասաց  Հանրապետական կուսակցության  ներկայացուցիչը։