Մայիսի 31–ին  շարունակվել է Հայաստանի  վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական  այցը Վրաստան։ Օրվա առաջին կեսին Փաշինյանին ընդունել էր Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը։ 

Այնուհետեւ վարչապետը տիկնոջ հետ այցելել է «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն։ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վրաստանի հայաբնակ վայրեր:

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Բրիջիթ Բրինքի Երեւան կատարած այցի ժամանակ քննարկել է «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի հետ կապված հարցերը եւ Հայաստանի համար այլ համաձայնագրի հնարավորությունը։

Շարունակում է թեժ մնալ կադրային փոփոխությունների թեման մարզպետների նշանակումների կապակցությամբ։  Արդեն հայտնի են  Հայաստանի տաս մարզերից վեցի նոր մարզպետների անունները։ Նրանց նշանակման հարցը ներառված է վաղվա կառավարության նիստի օրակարգում։ 

Ձերբակալվել են Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը: Նրանք կասկածվում են Էրեբունի վարչական շրջանում ապրիլի 22-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ քարերով, մահակներով եւ էլեկտրահարող սարքերով երթի մասնակիցներին հարվածներ հասցնելու մեջ:

Մասիսի բնակիչները դուրս են եկել բողոքի ակցիայի՝ ի պաշտպանություն քաղաքի ղեկավարների։

Չեն դադարում կրքերը հանրապետական պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ՍՊԸ-ի շուրջ, որտեղ ԱԱԾ լուրջ խախտումներ է հայտնաբերել եւ քրեական գործ հարուցել: Հարկային մեքենայությունների արդյունքում 20 տոկոս ԱԱՀ-ի եւ շահութահարկի փոխարեն վճարվել է ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հստակ պատասխան չտվեց հարցին, թե «Երեւան սիթի»-ի ղեկավարության կողմից նման սխեմաների կիրառումն անօրինակա՞ն է, թե օրենքով է արվել. «Չի կարող օրենքը թույլ տալ 20 տոկոսի փոխարեն 2 տոկոս վճարել: Այլ խնդիր է, որ արդյոք օրենքը թույլ է տվել, որ օգտագործելով սողանքները ամբողջը բաժանես մասերի, որ ավելի քիչ ռիսկեր առաջանան»:

Այսօր դատավոր Արտուշ Գաբրելյանը փոխեց «Սասնա ծռերին» աջակցելու մեջ մեղադրվող Խաչատուր Գիչյանի ու Մանվել Աթոյանի խափանման միջոցը: Խաչատուր Գիչյանի նկատմամբ խափանման միջոցը  փոխվեց ստորագրություն չհեռտանալու մասին, իսկ Մանվել Աթոյանի դեպքում խափանման միջոցը փոխվեց 1 միլիոն դրամ գրավ կիրառելու դիմաց:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հանդիպել է  Քիմ Քարդաշյանի  հետ ու քննարկել բանտային բարեփոխումը։ «Այսօր ես հոյակապ հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել նրա հետ բանտային բարեփոխումների ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է Թրամփը։

Զինեդին Զիդանը  հեռացել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնից, հայտարարելով, որ այս թիմը պետք է շարունակի հաղթել։ Արքայական ակումբը  նա գլխավորել էր 2016թ. հունվարին։ 

Դոլարի փոխարժեքը նվազել է, եվրոն թանկացել է:  Դոլարի փոխարժեքը կազմել է 482.51 դրամ, եվրոն՝ 564.63 դրամ, բրիտանական ֆունտը՝ 643.52 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.77 դրամ:

Հայաստանի տարբեր մարզերում հունիսի 1-ին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, նաեւ քամու ուժգնացում: Որոշ վայրերում սպասվում է կարկուտ: Երևանում ժամանակ առ ժամանակ կլինի անձրեւ եւ ամպրոպ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը կեսօրին՝ +23 +25: