Վերաքննիչ դատարանի մոտ է Կարբի գյուղի բնակիչները բողոքի ակցիա են անցկացնում ՝ գյուղի բնակիչ  Օգսեն Նազարեթյանի կալանավորման որոշման դեմ: Դատարանն այս պահին խափանման միջոցը փոխելու որոշումն է քննում:

Նշենք, որ Օգսեն եւ Գուրգեն Նազարեթյաններին մեղադրանք է  առաջադրվել մայիսի 27-ին գյուղում տեղի ունեցած միջադեպով՝ խուլիգանության հոդվածով:

Մայիսի 27-ին միջադեպ է տեղի ունեցել Գուրգեն և Օգսեն Նազարեթյան եղբայրների մասնակցությամբ: Վերջիններս քննվել են Արագածոտնի մարզային վարչության կողմից, սակայն խափանման միջոցը չի ընտրվել կալանավորումը: Դրանից հետո դատախազը բողոքարկել է, որից հետո հունիսի 27-ին Գուգեն Նազարեթյանի խափանման միջոցը փոխվել է՝ ընտրվել է կալանավորումը որպես խափանման միջոց:

Երեկ՝ հունիսի 28-ին, փոխվեց նաև մյուս եղբոր՝ Օգսեն Նազարեթյանի խափանման միջոցը: Այժմ երկուսն էլ անազատության մեջ են:

Օգսեն Նազարեթյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ կալանավորման որոշումն ապօրինի է եւ դրա համար հիմքեր չկան:

«Առաջին ատյանի դատարանը  համարել էր, որ հիմնավոր կասկածը  առկա  չէ, որ  Գուրգեն Նազարեթյանը կատարել է հանցագործություն, եւ առաջին ատյանի դատարանը գտել է, որ  Գուրգեն եւ Օգսեն Նազարեթյանները չեն կարող կալանավորվել: Ի զարմանս մեզ՝  Վերաքննիչ դատարանը բեկանեց առաջին ատյանի որոշումը եւ կալանավորեց Գուրգեն Նազարեթյանին, որը ես ակհայտ ապօրինի եմ համարում, քանի որ ակնհայտ անմեղ մարդը հայտնվեց անազատության մեջ: Մենք, իհարկե, ուսումնասիրում ենք, թե ինչու դատավոր Մնացականյանը նման որոշում կայացրեց եւ ինչ առնչություն ունի այդ ամենի  հետ: Գյուղում կա որոշակի վեճ եւ հակասություններ կան ՀՀԿ-ի եւ այս տարիներին ապօրինությունները չհանդուրժած անձանց մեջ: Այդ անձինք էլ այսօր անազատության մեջ են: Ես հուսով եմ, որ այսօր գոնե Օգսեն Նազարեթյանը չի կալանավորվի»,-ասաց փաստաբան Լուսինե Սահակյանը:

Համագյուղացիները նույնպես համաձայն չեն այս որոշման հետ՝ նրանք պահանջում են փոխել խափանման միջոց կալանավորումը:

«Էս մարդիկ ինչ են արել,որ միայն իրենց են մեղադրանք առաջադրել եւ կալանավորել, չնայած,որ միջադեպին բազմաթիվ այլ մասնակիցներ են եղել, մենակ էս մարդիկ են հիմա կալանավորված: Տան միակ աշխատողներն են, փոքր երեխաներ ունեն, ո՞վ է նրանց պահելու»,-ասաց համագյուղացիներից Իշխան Եղիշյանը: