Եթե կարելի է սայթաքելով այդպիսի մարմնական վնասվածք ստանալ, խնդիր չկա: Այս մասին, այսօրէ՝ հուլիսի 4-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ անդրադառնալով նրան, որ նախօրեին «Օլիմպավանում» միջադեպի ժամանակ մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացու կինը հայտարարել էր, թե ամուսինը սայթաքել, ընկել է դրանից է ստացել վնասվածքները:
«Ամեն երրորդը կարող է հանրապետությունում նման վնասվածքներով ման գա՞:Չեմ կարծում, որ դա իրականությանը համապատասխանում է: Մենք տուժողի հաղորդման հիման վրա ենք հայտարարություն տարածել, այնպես չի, որ մենք մոտավոր ենք գործում, իսկ թե հետո ինչ եղավ, ինքներդ կարող եք հասկանալ»,-ասաց Օսիպյանը:
Ավելի վաղ ոստիկանությունը հայտարարություն էր տարածել, որ հուլիսի 2-ին՝ ժամը 21-ն անց 30-ի սահմաններում, Արմենիա ԲԿ-ից ոստիկանության Մաշտոցի բաժին հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 50-ամյա մի տղամարդ։ Ախտորոշվել է պոլիտրավմա՝ կողոսկրի կոտրվածք եւ այլ վնասվածքներ։
Հիվանդանոց մեկնած ոստիկանության Մաշտոցի եւ այլ ստորաբաժանումների ծառայողները օպերատիվ պարզեցին, որ տղամարդը վնասվածքները ստացել է, նախնական տվյալներով՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի վարչական շենքում։ Դահլիճում արնանման հետքեր են հայտնաբերվել ու վերցվել՝ փորձաքննության համար։
Ըստ տուժողի հաղորդման՝ նրան հարված է հասցրել Գագիկ Ծառուկյանը, ապա ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Գագիկ Ծառուկյանի անվտանգության ղեկավար՝ 46-ամյա Էդուարդ Բաբայանն ու եւս մեկ անձ, որի ինքնությունը պարզվում է։ Միջադեպին ներկա են գտնվել Արտակարգ իրավիճակների նախարարը եւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը։
Տուժողի խոսքով՝ որդին, որը Ռուսաստանի քաղաքացի է, բռնցքամարտիկ է, աշխարհի չեմպիոն։ Հաղթանակների դիմաց Գագիկ Ծառուկյանը պարգեւներ է խոստացել, սակայն որդին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո հետախուզվում է՝ ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով։
Էդուարդ Բաբայանին հայտնաբերելու ուղղությամբ ոստիկանության ծառայողները ծավալուն հետախուզական եւ այլ միջոցառումներ սկսեցին ձեռնարկել, ինչի արդյունքում՝ դեպքից ժամեր անց Բաբայանը ներկայացավ ոստիկանության Մաշտոցի բաժին։ Նա որպես կասկածյալ ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր։
Ավելի ուշ տուժողի կինը հայտարարել էր, թե ամուսնինը պարզապես սայթաքել, ընկել է, ու նման վնասվածքներ է ստացել:
Ին՞չ է պատմել տուժողը Օլիմպիական կոմիտեում տեղի ունեցած միջադեպից. Ոստիկանության մանրամասները











