«Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացում» ծրագրի շրջանակում Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրվել են 284,4 միլիոն դոլարի ֆինանսական և դրամաշնորհային համաձայնագրեր։ Այս մասին Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանում բնակարանային ապահովման և հիփոթեքային շուկայի զարգացմանն ուղղված Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի հետ ֆինանսավորման համաձայնագրի վավերացման նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 12-ին հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Լուսինե Քոչարյանը։
Ծրագիրը, նրա խոսքով, ուղղված է շուրջ 109,000 տեղահանված անձանց համար բնակարանային լուծումների հասանելիության բարելավմանը, հիփոթեքային շուկայի ընդլայնմանը, ինչպես նաև բնակարանային քաղաքականության երկարաժամկետ զարգացմանը։
Ընդ որում, նախատեսվող ֆինանսավորումը կիրականացվի փուլ առ փուլ։
Հայաստանի կառավարությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագիր, որի շրջանակում ներկայումս հավաստագիր է ստացել 6,125 ընտանիք։
Նշված ծրագրի շրջանակում պետական բյուջեից արդեն վճարվել է ավելի քան 6 միլիարդ դրամ։




























