Երեւանում Կառավարության 3-րդ մասնաշենքի դիմացից, Բնապահպանության նախարարության մոտից, մեկնարկել է քայլերթ՝ ի սատարում դեպի Ամուլսարի հանք տանող ճանապարհները փակած քաղաքացիների:

Երթը կշարժվի նախ կառավարության կենտրոնական մասնաշենք, այնուհետեւ՝ «Լիդիան Արմենիա» ընկերության երեւանյան գրասենյակի շենք:

Նշենք, որ արդեն 13-րդ օրն է, ինչ Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող ակտիվիստները փակ են պահում դեպի Ամուլսար տանող ճանապարհները` պահանջելով դադարեցնել հանքի շահագործումը: Նրանք բողոքում են հանքի շահագործման դեմ եւ պահանջում են դադարեցնել աշխատանքները: Քաղաքացիների խոսքով՝ հանքի շահագործումը վտանգավոր է հասարակության եւ շրջակա միջավայրի համար: Վտանգի եւ ռիսկերի մասին նաեւ Հայաստան ժամանած միջազգային փորձագետներն են խոսել: Նրանք հայտարարել են, որ Ամուլսարի հանքը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը պետք է մաքրող կայան կառուցի, հակառակ պարագայում թթվային դրենաժի հնարավորություն կա, ինչը լուրջ ռիսկեր է պարունակում։

Հունիսի 1-ին բնապահպանները Երեւանից ավտոերթով հասել են Ջերմուկ նեւ իրենց աջակցությունը հայտնել հանքի բացման դեմ պայքարողներին:

«Լիդիան Արմենիա» ընկերությունը, սակայն, անդրդրվելի է. մի քանի օր է՝ ցույցեր են անում նաեւ ընկերության աշխատակիցները՝ պահանջելով չխանգարել իրենց աշխատանքին: Ըստ ընկերության գործադիր տնօրեն Հայկ Ալոյանի՝ բողոքի ակցիաների պատճառով արդեն իսկ 3.5 միլիոն դոլարի վնաս են կրել: Ընկերությունը մտադիր է դիմել դատարան:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Ամուլսարի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկելու նպատակով աշխատանքային խումբ է ձեւավորվել՝ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար պարոն Արթուր Գրիգորյանի գլխավորությամբ: