Ազգային ժողովն այսօր հրավիրած արտահերթ նիստում քննարկեց եւ առաջին ընթերցմամբ ընդունեց Սեւանա լճից լրացուցիչ ջրառի մասին օրինագիծը: Նախագծին կողմ քվեարկեց 68, դեմ՝ 1 պատգամավոր: Կառավարությունն առաջարկում է ֆերմերներին աջակցելու համար այս տարի 40 մլն խ.մ.-ով ավելացնել Սեւանից ջրառը՝ ընդհանուր առմամբ այն հասցնելով 210 մլն խ.մ.-ի:
Գործադիրի նիստում վարչապետն ասել էր՝ սրտի կսկիծով են նման որոշում ընդունում: Ի պաշտպանություն Սեւանի Ազգային ժողովի շենքի մոտ ակցիայի հավաքված բնապահպանները, սակայն, տարակուսում են. դա նույնն է, որ մարդուն մահապատժի տանեն եւ ասեն՝ սրտի կսկիծով ենք քեզ գլխատում: Սիլվա Ադամյանը նաեւ զարմանում է, թե ինչո՞ւ չընդունվեց գիտնականներից կազմված հանձնաժողով ստեղծելու եւ խնդրին ավելի ճիշտ լուծում տալու առաջարկը: Ինգա Զարաֆյանն էլ պնդում է, որ լրացուցիչ ջրառը չի լուծի Արարատյան դաշտի ֆերմերների խնդիրները:
Հանրապետական կուսակցությունը Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին չի մասնակցի, առայժմ չի քննարկվել նաեւ որեւէ ուժի սատարելու հարցը: Լրագրողները ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրել են՝ արդյո՞ք դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀԿ-ն վարկանիշ այլեւս չունի:
Շարմազանովը շարունակում է մնալ այն կարծիքին, որ քաղաքական ուժերը պետք է ակտիվ մասնակցեն ՏԻՄ ընտրություններին, բայց նաեւ վստահ է, որ իշխանափոխությունից հետո հիմնական թատերաբեմն Ազգային ժողովն է: Ինչ վերաբերում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ համագործակցության հնարավորությանը:
Էդմոն Մարուքյանն ընտրություններում իրենց հնարավորությունները լավ է գնահատում: Ասում է՝ առաջին անգամ արդար ընտրություններ են անցկացվելու: Հիշեցնենք, որ Մարուքյանի գլխավորած «Լուսավոր Հայաստան» եւ Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությունները երեկ հայտարարեցին, որ ավագանու ընտրություններին մասնակցելու համար «Լույս» դաշինքն են հիմնել. նրանց թեկնածուն Արտակ Զեյնալյանն է: Էդմոն Մարուքյանը կարծում է՝ ընտրություններին թեժ բանավեճեր կլինեն:
Հայտնի է նաեւ Երեւանի քաղաքապետի ՀՅԴ-ի թեկնածուն. նա Ազգային ժողովի նախկին պատգամավոր Միքայել Մանուկյանն է: Արմեն Ռուստամյանը կարծում է՝ Երեւանն այսօր հմուտ ղեկավարի կարիք ունի, եւ իրենց թեկնածուն կարող է հենց այդպիսի ղեկավար դառնալ:
Նախագահ Արմեն Սարգսյանն ու Ազգային ժողովի խոսնակ Արա Բաբլոյանն այսօր հանդիպել են: Այս հանդիպումը նույնպես Արա Բաբլոյանն էր նախաձեռնել: Նա Արմեն Սարգսյանին տեղեկացրել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ նախօրեին կայացած հանդիպմանն արձանագրել են, որ խնդիրների լուծմանն ուղղված բոլոր քայլերը պետք է լինեն ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, քաղաքական երկխոսության, բանակցությունների եւ քննարկումների մթնոլորտում: Արմեն Սարգսյանը վերահաստատել է իր դիրքորոշումը. խնդիրները լավագույնս լուծվում են երկխոսության եւ բանակցությունների միջոցով: Նա նաեւ կարեւորել է ձեռք բերված պայմանավորվածությունները հարգելը:
Եթե Ադրբեջանը հայտարարարի ՀԱՊԿ-ին անդամակցելու մտադրության մասին, Հայաստանը կօգտագործի վետոյի իր իրավունքը: Հայաստանի արտգործնախարարության խոսնակի պաշտոնակատարը հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ում, ինչպես նաեւ ԵՏՄ-ում որոշումներն ընդունվում են անդամ պետությունների կողմից կոնսենսուսի հիման վրա: Աննա Նաղդալյանը, միաժամանակ, հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ին Ադրբեջանի անդամակցության հնարավորության մասին քննարկումները տեղի են ունենում վերլուծական շրջանակում:
Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին, որին Հայաստանում սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրվել. Աննա Նաղդալյանը նշել է, որ Երեւանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխություն է նախաձեռնել, եւ հիմա կազմակերպության տարբեր հարթակներում քննարկումներ են ընթանում: Առայժմ, սակայն, պարզ չէ, թե Խաչատուրովի հետկանչից հետո արդյո՞ք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը մինչեւ երեք տարվա ժամկետի ավարտը Հայաստանին կմնա:
Ադրբեջանում այսօր 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: ԱԻՆ-ից տեղեկացնում են, որ երկրաշարժը զգացվել է նաեւ Հայաստանի եւ Արցախի տարածքում. Գորիս եւ Կապան քաղաքներում՝ 2-3, Հադրութում՝ 3 բալ ուժգնությամբ:
Ընդամենը երկու օրով Հայաստան այցելած «պոկերի արքա» Դեն Բիլզերյանն ակնհայտորեն փորձում է հայրենիք առաջին ուղեւորության ընթացքում հնարավորինս շատ բան տեսնել: Երեկ նա եղբոր՝ Ադամի հետ հայկական անձնագիր ստացավ, շրջեց մայրաքաղաքի կենտրոնում ու մեկնեց Սեւան: Այսօր արդեն Դենն Արցախում էր: Բիլզերյանների ընտանիքին ուղեկցել են Ռոբերտ Քոչարյանին որդին՝ Լեւոնը եւ Սիրուշոն:
Նրանք հասցրել են լինել Շուշիում եւ Ստեփանակերտում, իսկ երեկոյան Երեւան վերադառնալ՝ փակ երեկույթի մասնակցելու: Գիշերն արդեն Բիլզերյանն իր ուղեկիցների հետ Թայլանդ է մեկնելու:
Օգոստոսի 28-ին դոլարը շարունակել է էժանանալ, եվրոն թանկացել է ավելի քան 4 դրամով: Դոլարի փոխարժեքը կազմել է 482 դրամ, եվրոյինը՝ 565, ռուբլունը՝ 7 դրամ 17 լումա, ֆունտինը՝ 623 դրամ:
Օգոստոսի 29-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +33+35 աստիճան տաքություն:











