Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող հակահեղափոխական ուժ չկա, բոլոր ուժերը հեղափոխությանն աջակից ուժեր են։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Հետեւաբար շատ լավ է, կա արդար մրցակցություն։ Հավասար պայմաններ պետք է ապահովել, իսկ Երեւան քաղաքի բնակիչները պետք է որոշեն, թե ով լինի Երեւանի քաղաքապետը»,–նշեց նա։
Անդրադառնալով «Ժառանգության» կուսակցության նախկինում հնչեցված առաջարկին՝ միասնական ցուցակով մասնակցելու մասին, նա նշեց, որ նման առաջարկ չեն ստացել, ուստի նման քննարկումներ չեն եղել, իսկ մեկնաբանությունները, որ հասարակությունը այդպիսով չի բաժանվի, նրա կարծիքով, տեղին չեն, քանի որ այդ պարագայում պետք է լուծարվեն բոլոր կուսակցությունները եւ Հայաստանում լինի մեկ ուժ, բոլորն անդամակցեն այդ ուժին։ «Մենք ակնկալել ենք, որ հնարավոր է՝ «ԵԼՔ»–ով գնանք, չի ստացվել եւ միասին ենք գնացել մյուս երկու ուժերով («Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցություններ–խմբ.)»,–եզրափակեց նա։
Երեւանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2018 թվականի սեպտեմբերի 23-ին, ընտրություններին կմասնակցեն 12 կուսակցություններ եւ կուսակցությունների դաշինքներ։











