Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում չեղարկվել է: Մարտի 1-ի գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ԱՊՀ միջպետական հետախուզում էր հայտարարվել: Հիմա արդեն Ռուսաստանում Հարությունյանին ոչինչ չի սպառնում, սակայն եթե նա հայտնվի ԱՊՀ այլ երկրներում, կարող է կալանավորվել եւ արտահանձնվել Հայաստանին:

Ավելի վաղ ռուսական աղբյուրները, հայտնելով Հայաստանից ստացված հայտի հնարավոր մերժման մասին, պարզաբանել էին, որ Միքայել Հարությունյանը 2002 թվականից ռուսական անձնագիր ունի, իսկ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի արտահանձնում: Հայաստանի ոստիկանությունը ստացել է Ռուսաստանի կողմից Հարությունյանի հետախուզումը չեղարկելու վերաբերյալ գրությունը:

Ռուսաստանի հետ հարաբերություններն առանձնահատուկ տեղ ու նշանակություն ունեն, եւ կառավարությունը հույս ունի էականորեն մեծացնել դրանց արդյունավետությունը: Մոսկվա այցի նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս մասին ասել է «Զինուժ» հաղորդաշարին տված բացառիկ հարցազրույցում. այսօր հրապարակվել է զրույցից մի հատված միայն: Փաշինյանի խոսքով՝ նույնն է նաեւ ՀԱՊԿ շրջանակում հարաբերությունների պարագայում:

Մոսկվայում վաղը նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպմանն անդրադարձել է նաեւ հանրապետության նախագահը: Արմեն Սարգսյանն ասում է՝ պետք չէ յուրաքանչյուր հանդիպման դրամատիկ վերաբերվել, միաժամանակ վստահ է, որ վաղվա հանդիպումը լավ եւ բարեկամական մթնոլորտում է անցնելու:

Վարչապետի արտասահմանյան ուղեւորությունների օրակարգում եւս մեկ այց կա. սեպտեմբերի 14-ին Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա կմեկնի: Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը հայտնել է, որ նախատեսված է հանդիպում Ելիսեյան պալատի ղեկավար Էմանուել Մակրոնի, ինչպես նաեւ հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: Ընտրախախտումների համար պատժի խստացում նախատեսող սկանդալային օրինագիծն ընդունվել է միաձայն՝ 82 կողմ ձայնով: Օրինագիծը քննարկումների ժամանակ բուռն քննադատությունների էր արժանացել, այն նույնիսկ իրավական առումով վտանգավոր էր որակվել: Այսօր, սակայն, պատգամավորները գոհ էին. առաջին ընթերցմամբ նախօրեի քվեարկությունից հետո կառավարությունը մեկ օրվա ընթացքում հասցրել էր հանել վիճահարույց բոլոր կետերը:

Դատարանն այսօր քննել է Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի նախնական կալանքի հարցը: Ալեքսանդր Սարգսյանի որդին մեղադրվում է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի սպանության փորձի եւ ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու եւ կրելու մեջ:

Այսօրվա նիստում փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարել է, որ դատախազը դեռ նախաքննության փուլում պետք է հրաժարվեր մեղադրանքից, քանի որ դեպքի վերաբերյալ հարուցված քրեական գործի նյութերը ոչնչացված են, եւ հնարավոր չէ պարզել՝ արդյո՞ք տուժողի դիմումում նշված հանգամանքները, որի հիման վրա վերաբացվել է գործը, նոր հանգամանքներ են, թե՝ ոչ: Երեմ Սարգսյանը նաեւ խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդության է ներկայացրել: Մեղադրողը գրավի կիրառումն անթույլատրելի է համարել:

Խափանման միջոցի, ինչպես նաեւ կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանի ներկայացրած միջնորդության վերաբերյալ որոշումները դատարանը կհրապարակի սեպտեմբերի 10-ին:

Իրանի քաղաքացիները փորձել են Հայաստանի տարածքով թմրանյութ տեղափոխել Վրաստան: Լեյլա Դուստկանն ու Ֆահրադ Սոլեյմանը Հայաստան են ժամանել Մեղրիի անցակետով: Իրավապահներն արդեն տեղեկություններ են ունեցել, որ նրանց մոտ, հնարավոր է, թմրանյութ կա: Բագրատաշենում իրանցիների ուղեբեռներում ոչինչ չեն հայտնաբերել: Թմրանյութերը գտել են Նոյեմբերյանի բուժկենտրոնում տղամարդու եւ կնոջ մարմնի զննության արդյունքում. նրանց մարմնի տարբեր մասերից պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված հերոին տեսակի թմրամիջոց են հայտնաբերել՝ շուրջ 500 գրամ ընդհանուր քաշով: Դեպքի առիթով քրեական գործ է հարուցվել:

Դոլարն ու եվրոն շարունակում են ամրապնդել դիրքերը, ռուբլին էժանացել է: Սեպտեմբերի 7-ին դոլարի փոխարժեքը կազմել է 484 դրամ, եվրոյինը՝ 564, ռուբլունը՝ 7 դրամ 3 լումա, ֆունտինը՝ 628 դրամ:

Սեպտեմբերի 8-ին հանրապետության շրջանների զգալի մասում տեղումներ են սպասվում: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատեւ անձրեւ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +18+20, ցերեկը՝ +31+33 աստիճան տաքություն: