Մենք, որ «դուխով» ենք եղել, օհոհոհո... Մենք անցել ենք ե´ւ հարվածների, ե´ւ ճնշումների ճանապարհով, հաղթանակել են ոգով, պահել ենք մեր դեմքը, մեր ոգին, սա է եղել մեր «դուխը»: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի ավագանու ընտրությունների ՕԵԿ նախընտրական ծրագրի շնորհանդեսի ժամանակ իր ելույթում նշեց ՕԵԿ-ի կողմից Երեւանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը:

Նրա խոսքով, իրենց համար Երեւանը սոսկ բնակավայր չէ, Երեւանի համայն հայության սիմվոլն է, եւ իրենք պետք է կարողանանք կառուցել այն:

Շահգելդյանը տեղեկացրեց, որ ՕԵԿ-ի ծրագիրը ձեւավորվել է պրոֆեսիոնալ ձեւով, որի մշակմանը մասնակցել են հասարակական կազմակերպություններ եւ անկախ մասնագետներ:

Նա նշեց, որ իրենց ծրագիրը քառակողմ է. «4 հիմնական ուղղություններ են. առաջին հերթին սոցիալական բնակարանաշինություն: Մինչ այս Երեւանում կառուցվում էին էլիտար շենքեր, բնակարաններ: Երեւանում էդքան էլիտա կա՞, իսկ սովորական մարդկանց մասին մոռացել են: Երեւանի կառուցապատումը պետք է լինի ժողովրդական մոտեցումներով: Հերիք է կենտրոնում շենքեր կառուցեն: Շենքերը պետք է կառուցվեն այլ տեղերում, մասիվում, Յոնջլախ, Ղռեր, այն տեղերում, որտեղ մարդիկ հնարավորություն չունեն նորմալ ապրելու»:

Քաղաքապետի թեկնածուն անդրադարձավ նաեւ կանաչապատմանը՝ նշելով, որ Կասկադը լրիվ կանաչապատ էր, իսկ այսօր այդ կանաչը չկա. «Կանաչ շինարարության հիմքերը պետք է դնել: Հաջորդ խնդիրն ապօրինի շինարարությունն է: Մարդիկ շենքերի արանքում շենքեր են կառուցում: Մենք այս պայքարը տանելու ենք առաջ: Աղբավայրերը լրջագույն պրոբլեմ է: Լուծումը գործարանի կառուցումն է: Այդ ուղղությամբ 2-3 ծրագիր է եղել, որոնք իշխանությունները տապալել են: Ես կարծում եմ՝ որոշ մարդկանց շահերին դրանք դեմ էին»:

«Այսօր, զարգացնելով ավանդույթները, կարող ենք Երեւանը դարձնել գլոբալ քաղաք, միջազգային չափանիշներին լիովին համապատասխանող եւ այլ երկրների համար մոդել: Մենք կարող ենք հաղթել, կարող ենք շենացնել քաղաքը: Մեզ անհրաժեշտ է կամք, ակտիվ քարոզարշավ, մենք պարզ մարդիկ ենք, ինչպես միջին երեւանցին, ինչպես միջին քաղաքացին»,-իր խոսքն ամփոփեց նա: