Մեզ համար մութ եւ չար ուժեր չկան։ Այս մասին այսօր` սեպտեմբերի 9-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ից թեկնածու Պետրոս Ղազարյանը:
«Մենք համերաշխության, մրցակցային, ազատ եւ անկախ ընտրության շեմին ենք։ Մեզ համար մութ եւ չար ուժեր չկան: Մեր համար կարեւոր է, որ համագործակցություն լինի պետական կառույցների հետ: Խաղաղ, մրցակցային, ազնիվ ընտրություններ պետք է անցկացվեն, եւ մենք շնորհավորենք իրար: Սա կլինի հեղափոխության ամենամեծ հաղթանակը»,- ասաց նա։
Պետրոս Ղազարյանի խոսքով՝ ԲՀԿ-ն ծրագրային պայքարի կողմնակից է. «Որեւէ ֆեյքային պատերազմի մեջ չենք մտնելու, որեւէ մեկին չենք սեւացնելու: Մեր քննադատությունը լինելու է ծրագրի հետ կապված»։
Նա ընդգծեց, որ բոլոր 12 ուժերը գալիս են Երեւանը շենացնելու նպատակով։











