Ռոբերտ Քոչարյանը որպես քաղաքական ուժ դեռ ներկայացված չէ քաղաքական դաշտում, նա որպես անհատ է եւ նման առաջարկ չի եղել համագործակցելու, բայց դա կլինի Ռոբերտ Քոչարյանը, թե կլինի մեկ այլ քաղաքական ուժ, որը ասելիք կունենա կամ մեր երկրի ապագայի համար մտահոգություններ կունենա, պատրաստ ենք բանակցելու։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28–ին, NEWS.am–ին ասաց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նախօրեին անցկացված ՀՀԿ ԳՄ նիստի օրակարգին անդրադառնալով, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ կուսակցության տարածքային կառույցների կազմակերպման հարցերով են զբաղված, կուսակցության ինքնամաքրման եւ վերադասավորման կարգավորմամբ։

Ճշտող հարցին՝ արդյո՞ք Սերժ Սարգսյանը մտադիր է ակտիվանալ քաղաքականության մեջ, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Կուսակցության ղեկավարը Սերժ Սարգյանն է, երբ համագումար անենք եւ նոր կազմ ունենանք, այն ժամանակ դրան կանդրադառնանք։ Որեւէ մեկ անգամ Սերժ Սարգսյանը պասիվ չի եղել, ամռան ընթացքում պասիվություն է եղել ինչպես միշտ, հիմա նորից սկսել ենք Գործադիր մարմնի նիստերը»։

Նա նշեց, որ համագումարի ժամկետի մասին որեւէ որոշում առայժմ չկա։