Հրազդանի քաղաքապետի ընտրություններում «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի պաշտպանում, որպեսզի մյուս թեկնածուները ընկճված չլինեն եւ ազատ ու արդար ընտրություններ տեղի ունենան: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սասուն Միքայելյանը:
«Որովհետեւ ազատ մրցակցություն է, որպեսզի բոլորն ընկճված չլինեն, նորմալ ընտրություն անցկացվի: Կա 5 թեկնածու, պարտադիր չէր, որ «Քաղաքացիական պայմանագիրը» պաշտպաներ: Դա իմ ցանկությունն էլ է, որ ազատ մրցակցություն լինի: Ես էլ եմ համաձայն, որ չպաշտպանի ՔՊ-ն, որ լինեն ազատ ու արդար ընտրություններ»,-ասաց նա:
Նրա խոսքով, մարդկանց մեջ մտած է, որ եթե ինչ-որ կուսակցություն սատարում է, ուրեմն առավելություն ունի. «ՀՀ բոլոր քաղաքացիները Սահմանադրությամբ իրավունք ունեն թեկնածություն դնեն: Իմ երեխեն թեկնածություն է դրել, ես ուզում եմ, որ ազատ մրցակցության մեջ մտնի, եթե հաղթի՝ հաղթի, չէ՝ չէ»,-ասաց Սասուն Միքայելյանը՝ հավելելով, որ ինքը եւս քարոզարշավին չի մասնակցելու:
ՔՊ մամուլի խոսնակ Վահան Կոստանյան էլ NEWS.am-ի հետ զրույցում նշել էր, որ Հրազդանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը չի ցանկացել առաջադրվել, իրենք էլ այլ հարմար թեկնածու չեն ունեցել. «Հրազդանում մենք թեկնածուներից ոչ մեկին չենք պաշտպանի։ Եւ պետք է դուրս գալ նախկին իշխանությունների այդ մտածելակերպից, որ իշխող կուսակցությունը անպայման պետք է խոշոր քաղաքներում իր թեկնածուին առաջադրի, հնարավոր է եւ չառաջադրի, դա պարտադիր չէ»,–ասել էր նա։
Նշենք, որ Հրազդանի քաղաքապետի ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 21-ին: Նախընտրական քարոզարշավը տեղի կունենա հոկտեմբերի 9-19–ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 5 թեկնածու: ՔՊ-ն Հրազդանում թեկնածու չի առաջադրելու:
- Ինչո՞ւ ՔՊ–ն չի սատարում Սասուն Միքայելյանի 25-ամյա որդուն Հրազդանի քաղաքապետի ընտրություններին
- Կարեւորը, որ իմ Հրազդանի ժողովուրդը նորմալ ընդունի. Սասուն Միքայելյանի որդին՝ ՔՊ–ի իրեն չաջակցելու մասին











