«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հրազդանի զարգացման վերաբերյալ տեսլականը չի համընկնում ՔՊ–ական Սեւակ Միքայելյանի առաջարկած տեսլականի հետ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՔՊ Մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը` նշելով, որ այդ պատճառով էլ իրենք չեն սատարում Սասուն Միքայելյանի որդուն Հրազդանի քաղաքապետի ընտրություններին։

«Միայն դա է պատճառը»,–ասաց նա՝ նշելով, որ Սեւակ Միքայելյանը ինքառաջադրվել է։

Կոստանյանը հայտնեց, որ Կապանում էլ իրենք առաջադրել են ՔՊ անդամ Նարեկ Բաբայանի թեկնածությունը, վարչությունն է այդպես որոշել եւ կարծում են, որ լավագույն թեկնածուն է։

«Որեւէ պարտավրովածություն չկա, որ ժամանակավոր պաշտոնակատարը պետք է թեկնածությունը առաջադրեր, նա ընդամենը ժամանակավոր պաշտոնակատար է»,–ասաց նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հրազդանում առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի 25-ամյա որդին՝ Սեւակ Միքայելյանը, անկուսակցական Մանվել Պողոսյանը, Լեւոն Ստեփանյանը եւ Դավիթ Քոչարյանը:

Կապանում  էլ առաջադրվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը, անկուսակցական «Արկ» բնապահպանական հասարակական կազմակերպությունում ծրագրերի ղեկավար Արմեն Ղազարյանը եւ անկուսակցական,  «Ռազ-Բիլդինգ» ՍՊԸ Գլխավոր տնօրեն Գեւորգ Փարսյանը:

«Քաղաքացիական պայմանագիրը» Հրազդանում չի պաշտպանում Սասուն Միքայելյանի որդու թեկնածությունը. խոսնակ