Սրտանց ուզում եմ հավատալ, որ Փաշինյան-Ալիեւ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, որովհետեւ եթե անգամ մեկ զինվորի կյանք է փրկվելու այդ պայմանավորվածությունների արդյունքում, ապա դրանց արժե գնալ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում հայտարարությունների ժամին իր ելույթում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Այդուհանդերձ, նա որոշակի մտահոգությունների մասին խոսեց, դրանք ուղղելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Ես կխնդրեմ վարչապետին չկորցնել զգոնությունը: Ուզում եմ վերահստատել, որ Ադրբեջանին ՀԱՊԿ թողնել չի կարելի: Երկրորդ՝ Վիեննայի, Սանկտ պետերբուրգի եւ Ժնեւի պայմանավորվածությունները ուժի մեջ են եւ պետք է կյանքի կոչվեն: Երրորդ, Ադրբեջանի նախագահի մամուլի խոսնակն այդ պայմանավորվածությունները մեկնաբանեց որպես՝ «տեսա՞ք, բա որ ասում էինք Ադրբեջան-Հայաստան բանաձեւն է բանակցային, Ղարաբաղ չի լինելու» ոճի մեջ»: Ուզում շեշտել նաեւ Նիկոլ Փաշինյանի տեսակետը, որ առանց Ղարաբաղի ժողովրդի որոշման այդ հակամարտությունը չի կարգավորելու:
Շատ չտարվենք այն հանգամանքով, որ Ադրբեջանի նախագահը բարեկիրթ է, կիրթ է, գուցե նաեւ շնորհքով է, թե չէ օրենքի տառը չի պահպանի եւ շատ շնորհքով կարող է ներխուժել Արցախ: Այդ դեպքում կարող ենք ունենալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի լայվերը դիտելու հնարավորություն, այլ լրիվ այլ կադրեր»,-հայտարարեց ԱՇոտյանը:
Նա խնդրեց Նիկոլ Փաշինյանին. «Իշխանությունը վերարտադրելու ցանկությունը հետաքրքիր է, կարեւոր է, քաղաքական գործչի համար բնական է, բայց հանկարծ դրա խաթեր չներքաշեք մեր երկիրը մեզ չվերաբերող խաղերի մեջ:
Եվ վերջինը, պարոն վարչապետ, եթե Ալիեւի հետ այդ օպերատիվ կապը ստացվել է, ապա խնդրում եմ, այսօր ճշտեք մեր երկու գերիների՝ Կարեն Ղաարյանի եւ Զավեն Կարապետյանի ճակատագրերն Ադրբեջանում: Մենք կարծես մոռացել ենք, որ ունենք սահմանը հատած եւ Ադրբեջանում գերի ընկած ՀՀ երկու քաղաքացի, որոնց վերագրվում են նաեւ ռազմական որոշակի հանցագործություններ: Կարծում եմ՝ Փաշինյան-Ալիեւ փոխըմբռնման ամենակարեւոր պտուղներից մեկը գոնե կարճաժամկետ, կարող է լինել այն բարի կամքը, որ մեր երկու գերիներն անհապաղ ազատ արձակվեն»,-իր խոսքն ամփոփեց Աշոտյանը:











