Ռուսաստանի ԱԳՆ-ն և էներգետիկայի նախարարությունը «Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակում անցկացրել են նիստ, որի մասնակիցները քննարկել են էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային համագործակցության հեռանկարներն ու Հարավային Կովկասում կայունության ամրապնդումը։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը և էներգետիկայի նախարարությունը «Միջազգային «Ռուսական էներգետիկ շաբաթ — 2026» ֆորումի շրջանակում անցկացրել են թեմատիկ նիստ՝ ««3+3» հարթակ. էներգետիկ համագործակցությունը՝ որպես խաղաղության և անվտանգության հենասյուն Հարավային Կովկասում» անվանմամբ։
Միջոցառման կազմակերպչական աջակցությունն ապահովել են «Ռոսկոնգրես» հիմնադրամը և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Չինաստանի և ժամանակակից Ասիայի ինստիտուտը։
Բարձր մակարդակի նիստը միտված էր զարգացնելու ոլորտային երկխոսությունը տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների՝ Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի, ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև։ Քննարկումն ընդգրկել է տարածաշրջանի պետությունների համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղությունները։ Մասնակիցների թվում եղել են ոլորտային նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարության, ինչպես նաև խոշոր էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչներ։
«3+3» հարթակի առաջին նիստը կայացել է Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ Հետագայում արտաքին գործերի նախարարների հանդիպումները տեղի են ունեցել Թեհրանում՝ 2023 թվականին, և Ստամբուլում՝ 2024 թվականին։ 2026 թվականին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում մեկնարկել է վեց երկրների փորձագիտական երկխոսությունը։
Ներկայում համաձայնեցվում է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հերթական նիստի անցկացումը՝ Բաքվում կամ Երևանում։
«Ռուսական էներգետիկ շաբաթվա» շրջանակում կայացած նիստը դարձել է հարթակի շրջանակում պաշտոնական շփումների լրացում։ Մասնակիցները քննարկել են Հարավային Կովկասի երկրների և նրանց անմիջական հարևանների ջանքերի միավորման հնարավորությունները՝ նպաստելու տարածաշրջանի կայուն զարգացմանն ու բարգավաճմանը։





























