Հայաստանի Հանրապետությունում փոխվել է ամենակարեւոր բանը՝ տրամադրությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, Արագածոտնի մարզի Ագարակ գյուղում ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ովքեր ուզում են տեսնել, կտեսնեն, որ Հայաստանի Հանրապետությունում փոխվել է ամենակարեւոր բանը՝ տրամադրությունը, փոխվել է մարդկանց հայացքները, ինքնազգացողությունը եւ ինքնավստահությունը։ Մեր ժողովրդի համար ամենակարեւորն իր ինքնասիրությունն է, իր հպարտությունն է, այսօր ՀՀ-ում չկա մի քաղաքացի՝ սկսած վարչապետից, որ ասի՝ ես որեւէ մեկի նկատմամբ ունի առավելություն։ Մենք բոլորս ունենք նույն իրավունքներն ու պարտականությունները, եւ սա նշանակում է, որ Հայաստանում հաստատված է իրական քաղաքացիական եղբայրություն»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ դրա վառ օրինակն է այն, որ 45 տարի է անցել «Արարատ 73»-ի հաղթանակի օրից եւ մինչեւ հիմա ՀՀ-ում մեծարում են այդ ֆուտբոլիստներին, հրապարակներ են բացում։
Վարչապետը հայտնեց, որ Ագարակ գյուղում անկախացումից ի վեր առաջին անգամ է արտադրամաս բացվում. «Եվ ես հույս ունեմ, որ այս 20-30 աշխատատեղ ունեցող արտադրամասը կմեծանա եւ այլ աշխատատեղեր կստեղծվեն, եւ ուզում եմ երաշխավորել եւ հավաստիացնել, որ նոր Հայաստանում որեւէ մեկի մտքով չի անցնի որեւէ գործարարի հետ փայ մտնել, նալոգ դնել, կաշառք վերցնել, պրոբլեմներ ստեղծել»։
Փաշինյանը կոչ արեց արտերկրում ապրող հայ գործարարներին գալ Հայաստան եւ արտադրամասեր հիմնել, այլ ոչ թե գալ միայն գումար ծախսելու համար։











