Մենք բոլորովին նոր փուլ ենք թեւակոխում, երբ հանրության ու քննչական մարմինների միջեւ կա վստահություն, ինչը շատ կարեւոր է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Քննչական կոմիտեում ՔԿ ծառայողի օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քննչական պրոցեսի ընթացքում, երբ նոր իրողություններ են հաստատվել, քաղաքական միջամտություններ չեն կատարվում։
«Բացառված է, որ որեւէ մեկը քաղաքական կամ այլ միջամտության պատճառով ենթարկվի քրեական պատասխանատվության։ Կա բարիկադներ կառուցելու ու բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, եւ ես համոզված եմ, որ մոտենում ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հենց այդ սահմանագիծը», - նշեց վարչապետ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ բարիկադները կառուցելու ժամանակը բարիկադները ապամոնտաժելու ժամանակից տարբերվում է նրանով, որ կա բաց հրավեր ՀՀ բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ ունակություններ ունեցող մարդկանց ներգարվել Հայաստանի պետականաշինության, ժողովրդի բարեկեցության, արդարության հաստատելու գործում։
«Բարիկադներն ապամոնտաժելուց հետո բոլոր պրոֆեսիոնալ հատկություն ունեցողները կհրավիրվեն ծառայելու այդ ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,–ասաց վարչապետը։
Նա շնորհավորեց Քննչական կոմիտեի բոլոր ծառայողներին եւ հույս հայտնեց, որ Հայաստանում կա բավարար պոտենցիալ երկրի ապագան կառուցելու հարցում։











