Ուկրաինայի Չեռնիգովի մարզում՝ Կեւից մոտ 160 կմ դեպի արեւելք, Դրուժբա գյուղից քիչ հեռու, А1479 զորամասի ռազմական պահեստում արկեր են պայթում:

Սա ՊՆ-ի վեցերորդ զինանոցն է, այն մտնում է Կենտրոնական А0120 հրթիռահրետանային վարչության կազմում: 6-րդ զինանոցի մակերեսը մոտ 682,6 հա է, դրանից 402 հա տեխնիկական տարածք է: Այնտեղ մոտ 88 հազար տոննա զինամթերք կա, գրում են ուկրաինական լրատվամիջոցները:

Զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ դեռ չեն ստացվել: Պայթյունների պատճառն անհայտ է:

Ուկրաինայի պաշտպանության նախարարության տվյալներով, պայթյունները տեղի են ունենում տեխնիկական տարածքում, սակայն դրանց մասշտաբները դեռ չեն հաստատվել:

Հնարավոր վնասման գոտին մոտ 16 կմ է, դրա մեջ է մտնում մոտ 30 բնակավայր, որտեղից արդեն տարհանում է իրականացվում: Այնտեղ բնակվում է մոտ 20 հազար քաղաքացիական անձ:

Առայժմ մոտակա գյուղերից շուրջ 10 հազար մարդ է տարհանվել: Արտակարգ վայրից 20 կմ շառավղով դադարեցվել է երկաթուղային եւ ավտոմոբիլային երթեւեկությունը, օդանավակայանը փակ է:

Սոցցանցերի օգտատերերը գրում են, որ պայթյունների վայրից նույնիսկ 40 կմ հեռավորության վրա պայթյունները լսվում են: Հոկտեմբերի 9-ի առավոտյան պայթյունները շարունակվում են մեկ վայրկյանում 2-3 պայթյունի հաճախականությամբ, Facebook-ում հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբը:

Ուկրաինայի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ռոդիոն Տիմոշենկոն Չեռնիգովի մարզի զինանոցում պայթյունների ամենահավանական պատճառը դիվերսիան է անվանել:

Ուկրաինայի ենթակառուցվածքների նախարար (տրանսպորտի նախարար), Վլադիմիր Օմելյանը, Facebook-ի իր էջում ուկրաինացիներին բացատրել է, որ Մոսկվան մեղավոր է աշխարհում տեղի ունեցող բոլոր աղետների համար:

«Ի՞նչ ընդհանուր բան կա Մերձդնեստրում, Վրաստանում պատերազմի, Ղրիմի օկուպացիայի եւ Ուկրաինայի արեւելքում պատերազմի, Սիրիայի ոչնչացման, Լոնդոնում, Կիեւում, Սոլսբերիում սպանութունների, Նիդերլանդներում, Ուկրաինայում հաքերային հարձակումների, ընտրություններում միջամտությունների միջեւ: Ինչպես եւ ուկրաինական պահեստներում պայթյունների: Պատասխանը մեկն է՝ Ռուսաստան-Մոսկվա-Կրեմլ», - վստահ է նախարարը: