Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյաները չեն շարունակի պաշտոնավարել, սակայն աշխատանքից ազատելու համար կա ընթացակարգ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման եվ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ոչ պրոֆեսիոնալ կադրերի պաշտոնավարման հարցին։
«Պաշտոնյային, առավել եւս քաղծառայողին հենց այնպես չեն հեռացնում աշխատանքից, կա ընթացակարգ, եթե լինում է երկրորդ նկատողությունը, ապա անձը հեռացվում է աշխատանքից»,–նշեց նա։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջին զարգացումներից հետո հնարավո՞ր է Արմավիրի մարզում վերանշանակվի ԲՀԿ–ական նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը, նախարարը նշեց, որ այդ հարցով քննարկումներ դեռ չեն եղել, ապա հավելեց, որ թեկնածուներ դեռ չունեն մարզպետների թափուր պաշտոնների համար։
Դիտարկմանը, որ նշանակված մարզպետները ՔՊ–ից են, սակայն վարչապետը նշել էր, որ պետք է հաշվի առնվեն մասնագիտական ունակությունները, դրանք հաշվի առնվո՞ւմ են, նախարարը նշեց, որ «գործ ունենք հայեցողական պաշտոնի եւ քաղաքական պատասխանատվության հետ»։
Հարցին, թե ի՞նչ հետեւություններ են արվել Արարատի մարզպետի թույլ տված սխալից 40 հեկտարի հետ կապված կամ Շիրակի մարզպետի հետ կապված միջադեպի առնչությամբ, նախարարն ասաց. «Շիրակի մարզպետի մասով տեղեկությունը չի հաստատվել, հերքվել է։ Շիրակի մարզպետը նշել է, որ այդ մասով դիմելու է պատկան մարմիններին, հերքում է պահանջել տվյալ լրատվամիջոցից։ Արարատի մարզպետի պարագայում էլ թվերի խնդիր է եղել, կարծում եմ՝ դա լուծելի խնդիր է, եւ յուրաքանչյուրս էլ կարող ենք շփոթվել»։
Հիշեցնենք, որ վերջին շրջանում բուռն քննարկման առարկա էր դարձել Արարատի մարզ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ժամանակ մարզպետի կողմից արված արտահայտությունը, թե Արարատի մարզում 40 հազար հեկտար կաթիլային ոռոգման այգի կա, որը նրա պնդմամբ շփոթմունք է եղել։
Հավելենք, որ ավելի վաղ «Հրապարակ» թերթը գրել էր, որ Շիրակի մարզպետը ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին համարել էր ՀՀ–ում ՌԴ դեսպանը. «Շիրակի «ՔՊ»-ական մարզպետ Կարեն Սարուխանյանն ուշագրավ գիտելիքների տեր անձնավորություն է։ Օրեր առաջ նա հանձնարարել է փակել «Գյումրիի ներառական փուռը», որտեղ հաշմանդամներ են աշխատում, քանի որ քաղաքաշինական ինչ-որ նորմերի խնդիրներ կան։ Երբ նրան ասել են՝ չենք կարող, փռի բացումը հովանավորել եւ մասնակցել է Սվիտալսկին, նա զայրացել է՝ Ռուսաստանի դեսպանն ի՞նչ գործ ունի մեր փռի հետ։ Նրան բացատրել են, որ Սվիտալսկին ոչ թե Ռուսաստանի դեսպանն է, այլ՝ Եվրամիության։ Նա հետաքրքրվել է՝ իսկ Եվրամիությունը ո՞ր երկիրն է։ Երբ օրեր անց պարզել է, որ փուռը չի փակվել, հայտարարել է․ «Երեւի Ստանիսլավսկին հարցը լուծեց»,–գրել էր թերթը:











