Վայոց Ձորի մարզը միշտ իր դժգոհությունն էր հայտնում, որ հեղափոխությունը չի հասել մեր մարզ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վայոց Ձորի նորանշանակ մարզպետ Տրդատ Սարգսյանը:
«Երբ մարզպետ նշանակվելու առաջարկն ստացա, առանց երկար մտածելու համաձայնվել եմ, որպեսզի հեղափոխության շունչը հասնի Վայոց Ձոր եւ բնակիչներն իրենց կյանքի վրա զգան այդ փոփոխությունները:
Ես չեմ ճանաչում նախկին մարզպետին: Աշխատանքներում չեմ կարծում, որ հասցրել է ինչ-որ բան անել մի քանի ամսվա ընթացքում: Առերեւույթ բան չենք տեսել մարզպետի կատարածից»,-ասաց նա:
Տրդատ Սարգսյանը նշեց, որ իր նշանակումից հետո հեղափոխությունն արդեն կհասնի հանրությանը վերաբերմունքի փոփոխությունից. «Ես չեմ պատրաստվում բնակիչներից մեկ քայլ վերեւ կանգնել: Փոփոխությունը շփման մեջ մզգան բնակիչները: Իսկ բարեկեցությունը, կյանքի բարելավումը ամիսների ընթացքում կփորձենք ամեն ինչ անել այդ ուղղությամբ»,-ասաց նա՝ հավելելով, որ վարչապետից գլխավոր ցուցումը եղել է ստեղծել պայմաններ ներդրումային ծրագրերի իրականացման համար եւ հոգ տանել բնակիչների մասին, բարեկեցությունն ապահովել, լսել խնդիրները եւ փորձել քայլ առ քայլ լուծել դրանք:
Նա նկատեց, որ նախկին մարզպետը եղել էր ՀՀԿ-ական, հետո դարձել ԲՀԿ անդամ, իսկ մարդիկ փոփոխություն էին ուզում:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռեւս հոկտեմբերի 2-ին հայտարարել էր, որ աշխատանքից ազատում ՀՅԴ-ական եւ ԲՀԿ-ական մարզպետներին, որոնք թվով 6-ն էին:
Այսօր կառավարության որոշմամբ, Գնել Սանոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու մարզպետ, իսկ Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի մարզպետ: Այս նշանակումներից հետո թափուր են մնում Արագածոտնի, Արմավիրի եւ Սյունիքի մարզպետների պաշտոնները:











